Պետք է դառն իրականությունն ընդունելու խիզախություն ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու առաջ շարժվենք․ Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել իրավիճակից դուրս գալու ելքերին և լուծումներին:

Խոսելով առկա ճգնաժամային իրավիճակի և պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստների մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ժողովուրդ և պետություն մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով, ձեռք ձեռքի տված ոտքի կանգնելը: Նա արձանագրել է, որ առաջ շարժվելու համար նախ պետք է սթափ ու ճշգրիտ գնահատել իրավիճակն ու մեր հնարավորությունները, պետք է գիտակցել, որ մենք մի շարք ճգնաժամերի ենք առերեսվել, պետք է ընդունել իրողությունն ու մտածել դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:

Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների, ինստիտուտների կարևորությունը՝ նկատելով, որ առանձին անհատներ ի զորու չեն միայնակ հաղթահարել այս դժվարությունները. «Փրկիչներ չկան: Մենք պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր: Մենք պետք է հետևողական ու տքնաջան աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտները: Դրա համար մենք առաջին հերթին պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ, ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, ֆեյքերով միմյանց վրա ցեխ շպրտելուց: Մենք, ի վերջո, դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք»:

Նախագահն ասել է, որ առավել, քան երբևէ հավատում է մեր ժողովրդի ուժին ու ոգուն. «Մենք բոլորս պարտավորություն ունենք մեր նախնիների, մեր ժողովրդի առջև: Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը պետականություն չի ունեցել, բայց կարողացել է պահել մեր ազգային արժեքները, մեր պատմական ժառանգությունը, մեր լեզուն ու գրականությունը, մեր եկեղեցին ու մշակույթը, որպեսզի որպես ազգ կարողանանք ապագայում ունենալ մեր երկիրն ու պետությունը: Այսօր մենք ունենք այդ պետությունը, և մեր պարտքն է ամեն ջանք կենտրոնացնել՝ մեր պետականությունն ամրացնելու, մեր ինստիտուտներն ամրապնդելու համար»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախապատրաստել է իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ և հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց լուծումները. «Միայն միասին է հնարավոր դուրս գալ իրավիճակից, հաղթահարել այս դժվարին մարտահրավերները»:




Լրահոս