Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքները համարվում են բռնազավթված. Արցախի ԱԳն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա,

Արցախի Հանրապետությունը 1992-1994թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով,

Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության կողմ, տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանային կայունության ապահովման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով,
Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը:

Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.

Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից,

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»։




Լրահոս