Արեւածաղկի ձեթն աշխարհի ամենաթանկ ձեթն է դարձել: Եվրոպայում ձեթի գինն ամենաբարձրն է վերջին 4 տարիներին: Ձեթի գինը սկսել է բարձրանալ նախորդ տարում, երբ Ռուսաստանում եւ Ուկրաինայում արեւածաղիկի վատ բերք հավաքվեց:
Չնայած ձեթի համաշխարհային գնի բարձրացմանը՝ Հայաստանում այն շաբաթը մեկ է թանկանում: Համենայն դեպս, նման կարծիք են հայտնում խանութների աշխատողները: Օրինակ, արեւածաղկի 0.5 լիտր ձեթի գինն այս շաբաթվա սկիզբ 550-ից դարձել է 600 դրամ, մեկ այլ ընկերության նույն տարողություն ունեցող ձեթի գինը 600 դրամից է բարձրացել՝ դառնալով 650 դրամ: Իսկ ահա մեկ լիտրանոց ձեթը թանկացել է 100 դրամով:
Իր հերթին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել ձեի շուկայում եւ պարզել, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող արեւածաղկի 1 լիտր ձեթի ներմուծման միջին գները բարձրացել են 6-16 տոկոսով: Բացի այս, հայաստանցի տնտեսվարողները Ռուսաստանից արևածաղկի ձեթի ձեռքբերման դիմաց վճարումներն իրականացնում են դոլարով եւ ռուսական ռուբլով, իսկ վերջին ժամանակահատվածում տեղի է ունեցել հայկական դրամի արժեզրկում վերը նշված արժույթների նկատմամբ շուրջ 4 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանում արեւածաղկի բերքի նվազեցումը, արտահանվող արեւածաղկի պահանջարկի կտրուկ բարձրացումը (2019 թվականի համեմատությամբ շուրջ 4 անգամ), ռուբլու փոխարժեքի արժեզրկումը հանգեցրել են այդ երկրում ձեթի գնի բարձրացման՝ շուրջ 26 տոկոսով։
Օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատությամբ 830-845 դրամանոց արևածաղկի 1 լիտր ձեթի միջին մանրածախ գինը այս տարվա հունվարի 11-ին բարձրացել է միջինում 14տոկոսով՝ դառնալով 950-960 դրամ: Այժմ այն գերազանցում է 1000 դրամը:
Ս.Հ.