Հայաստանի բասկետբոլի ընտրանին ԱՄՆ-ում ընկերական խաղեր կանցկացնի Ֆրանսիայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Այս տարվա հունիսի 16-ին և 17-ին Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթողը։

Առաջիկա ընկերական խաղերի վերաբերյալ ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է հետեւյալը. «Մեզ համար մեծ պատիվ է ընկերական խաղ խաղալ Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, ինչը արտացոլված է նաև երկու երկրների բասկետբոլի ֆեդերացիաներում։ Բացի այս ընկերական խաղից, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է նաև այլ ծրագրեր իրականացնել ֆրանսիացի գործընկերների հետ»:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը, ով «Դետրոյթ Փիստոնս»-ի գլխավոր մարզիչի օգնականն է, նույնպես խաղը մեծ իրադարձություն է համարում։

«Անցյալ տարի մենք հաղթեցինք ՖԻԲԱ-ի փոքր երկրների առաջնությունում, իսկ ապագայում ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսում կանցկացնենք ուսումնամարզական հավաք և ընկերական խաղեր։ Ես ոգևորված եմ, որ Ֆրանսիան համաձայնել է գալ և մասնակցել այս 2 խաղերին, նրանք աշխարհի ուժեղագույն թիմերից են։ Հայաստան – Ֆրանսիա խաղը հիանալի հնարավորություն կլինի Կալիֆորնիայում ապրող հայերի համար ներկա գտնվել խաղերին և աջակցել Հայաստանի հավաքականին»։




Լրահոս