ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանցագործը փոխել է շորերը, տաքսի վարձել և հասել Երևան. Աշտարակում կատարված դաժան դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքի մի բնակարանում հայտնաբերել են 56-ամյա Սիլվարդ Քոչարյանի դիակը` պարանոցի կտրած վերքով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Մեկնել են նաև ոստիկանության ու քննչական Արագածոտնի մարզային վարչությունների ղեկավարներ, դատախազը, բաժնի պետը, դատաբժիշկ ու փորձագետ: Բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել նաև կնոջ որովայնին ու կրծքավանդակին:

Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ` հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արագ հավաքած փաստերը համադրելու և ճիշտ հետևություններ անելու, նաև քաղաքացիների հետ համագործակցության արդյունքում առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզվեցին, կասկածյալն էլ, որ սպանված կնոջ ազգականն է, ձերբակալվեց:
Կնոջ ազգական, այլ երկրի քաղաքացի 41-ամյա տղամարդը մայիսի 18-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանում է Հայաստան:

Նա տեղավորվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի մի հյուրանոցում և արդեն հաջորդ օրը մեկնում Աշտարակ: Այստեղ նա քաղաքացիներից փորձում է ճշտել Տիգրան Մեծի փողոցի և հատկապես 19-րդ շենքի տեղը: Հասնելով շենք` նա բնակիչներից մեկին հարցնում է 45-րդ բնակարանի տեղը, բարձրանում 5-րդ հարկ, թակում դուռը, և երբ կինը բացում է դուռը, 41-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածեր է հասցնում կնոջ մարմնի տարբեր մասերին, վերջում կտրում պարանոցն ու փորձում հեռանալ: Կասկածելի ձայներ լսած հարևանները տեսնելով նրա հեռանալը և վատ բան կանխազգալով՝ վերին հարկերից բղավում են, որ բռնեն հանցագործին: Նրանց կանչին արձագանքում է հարևան շենքի մի բնակիչ: Նա մոտենում է տղամարդուն և փորձում բռնել նրան:

Քաշքշուկից և դանակով սպառնալուց հետո 41-ամյա տղամարդուն հաջողվում է փախչել: Հասնելով Աշտարակի Սիսակյան փողոց` նա այնտեղ է թողնում հանցագործության պահին հագին եղած շորերը, հագնում նորերը, քիչ հեռանալով` վարձում է տաքսի և հասնում Երևան:
Տղամարդուն հայտնաբերելու նպատակով Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ:

Պարզվեց, որ այդ օրը Երևան հասնելով, ըստ նախնական տվյալների, հետքերը թաքցնելու նպատակով նա գիշերում է ոչ թե Մաշտոցի պողոտայի, այլ Երվանդ Քոչարի փողոցի մեկ այլ հյուրանոցում: Իրավապահներին հաջողվում է ճշտել նրա գտնվելու վայրը, և մայիսի 20-ին, ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության ծառայողները 41-ամյա տղամարդուն հայտնաբերում են հենց այդ հյուրանոցում, ձերբակալում և ներկայացում են նախաքննություն իրականացնող մարմին:

Նախաքննությամբ պարզվում են հանցագործության դրդապատճառներն ու հանգամանքները:




Լրահոս