Սևանա լիճը մահացու վտանգի տակ է. նախկին պատգամավորի բաց նամակը Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր (1999-2003թթ.), սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Սեւանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադեւոսյանը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` դադարեցնելու Սեւանա լճի հետ կապված ծրագրերը. տեղեկացնում է «ԷկոԼուրը»:

Նամակում ասված է.

«Պարոն նախագահ ` ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է վերդառնալ «Սեւանա Լճի մասին» օրենքի ոգուն եւ տառին:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է` «Կենտրոնական անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

Սեւանա լճի ափերում արհեստական ձկնաբուծության 74 ֆերմերների ստեղծումը, որը հղի է լիճ լցնելու տարեկան 50000 տ. արհեստական կերեր ազոտական, ֆոսֆորական եւ այլ վիտամինային քիմիական խառնուրդների ձեւով, որոնք կնպաստեն լճի ճահճացման գործընթացին, այսինքն էրֆտրոֆացմանը, հենց օրենքում բերված վնասակար ազդեցության վառ օրինակներից է: Եվ սրա հետ մեկտեղ այն առաջարկությունը, որ առաջիկա հինգ տարում Սեւանա լճից ջրառը ավելացնել 70 մլն խ.մ., այսինքն սահմանված 170 մլն.խ.մ. հասցնելու 240 մլն խ.մետրի իր մեջ լճի համար մահացու վտանգ է պարունակում, որպես խմելու ջրի ստրատեգիական պաշար, որպես այդպիսին մենք լիճը կկորցնենք: Եվ ընդհանրապես լճի մակերեւույթի բարձրացման գործընթացը կանգնեցնելը, ուղղակի կնպաստի նրա ճահճացման գործընթացին, դրանից հետո անգամ ջրի 6 մետրի բարձրացումը վիճակը չի փրկի, մենք գործ կունենանք Սեւանա լճի էկո համակարգի անդառնալի կորստի հետ:

Ուղղակի անհասկանալի է, թե ինչու ջրի պաշարների պլանավորված եւ ըստ էության ֆիզիկապես գոյություն ունեցող պաշարները չեն լցվում Սեւանա լիճ: Խոսքը Կեչուտի ջրամբարում Արփա գետից կուտակվող տարեկան 250 միլ. Խ. մետր ջրի մասին է, եւս տարեկան 165 մլն. խ. մետր Որոտանից եկող ջրերի եւ եթե գումարենք Սեւանա լճի ջրհավաք ավազանից, լիճ թափվող բնական գետերից կուտակվող 170 մլն. Խ.մ. ջուրը, ապա կստացվի 585 մլն.խ.մետր ջուր եւ եթե անգամ լճից վերցվի տարեկան ոչ թե 170, այլ առաջարկվող 240 մլն.խ.մետր ջուրը, ապա միեւնույն է լիճ լցվող ջրային պաշարների դրական հաշվեկշիռը կապահովվի, ինչու այս գործողությունը չի կատարվում, որն է պատճառը, իսկ պատճառը մեկն է 12 տարի օրենքը ընդունելուց հետո, համալիր ծրագիրը ընդունելուց հետո Արփա-Սեւան ջրատարի վերանորոգումը չի ավարտվում, 48 կմ. Երկարություն ունեցող ունիկալ ջրատարը, որը արժեցել է 1 միլիարդ 250 մլն սովետական ժամանակների ռուբլի, բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի բարդ պայմաններում իրականացվող շինարարական աշխատանքներով կառուցվել է 11 տարում, մինչդեռ այդ ջրատարի վերանորոգումը արդեն 12-ից 13 տարի է չի ավարտվում: Չի սկսվում եւ չի ավարտվում Եղվարդի ջրամբարի շինարարությունը, որը Արարատյան դաշտին լրացուցիչ կտա տարեկան շուրջ 100 մլն խմ ջուր:

«Սեւանա լճի մասին» օրենքի նախաբանում ասված է` «Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է»: Հենց ջրերի եւ ոչ թե ձկների: Չնայած ձկները Սեւանա լճի էկոհամակարգի անբաժանելի եւ իհարկե կարեւոր մասն են: Սակայն օրենքը նախատեսում է ձկնապաշարների պահպանման եւ ավելացման միմիայն բնական ճանապարհը, որը չի վնասի ջրերի որակը, այլ ճիշտ հակառակը: Եթե մենք ապահովենք Սեւանա լճի ջրերի մաքրումը, թթվածնային եւ ջերմաստիճանային ռեժիմի այն է սառնության եւ զուլալացման պահպանմանը (որը պայմանավորված է միմիայն լճի մակարդակի անշեղ բարձրացմամբ), լիճ լցվող գետերը ազատենք փոքր հէկերից, կարողանանք պայքարել ձկնագողության դեմ, ապա լճի ձկնային էնդիմիկ պաշարները, ոչ թե արհեստական ոչ մի արժեք չունեցող <փայտյա> ձկների, այլ ցեղական եւ կպահպանենք եւ կավելացնենք:

Անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք եւ խորը հիմնավորված գիտական մոտեցում, միայն այդ դեպքում մենք կպահպանենք առաջին հերթին մեր սերունդների համար մեր ազգային գանձը եւ ինչու չէ տարածաշրջանի եւ համայն մարդկության համար եզակի քաղցրահամ ջրի ստրատեգիական պաշարները: Որովհետեւ բնապահպանությունը չի ճանաչում սահմաններ, կրոնական, քաղաքական եւ ազգային պատկանելիություն, դա համամարդկային խնդիր է»:




Լրահոս