ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հրավիրվել է քննչական կոմիտե եւ հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան հարցաքննել են իր տան բակ պայթուցիկ պայթեցնելու քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս հաստատեց տեղեկությունը եւ նշեց` դեպքից հետո իր գործողություններում զգույշ է։

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներրն են ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը եւ Վահան Հովհաննիսյանը:
Այսպես, ըստ կոմիտեի` Գ.Ս.-ն, բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու եւ այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով` կազմակերպել է Ա.Գ.-ի եւ Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաեւ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով` զուգորդված պայթյուն կատարելը:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ գործելով նույն դիտավորությամբ՝ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024 թվականի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված, փշրտող գործողության «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը եւ այն գործարկման վիճակի բերելու համար անհրաժեշտ մարտկոց, բացատրել է վերջինը պայթուցիկ սարքի մեջ տեղադրելու եղանակը: Դրանից հետո վերոհիշյալ անձինք, կիրառելով քողարկման ու չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, ուղեւորվել են դեպի Երեւան քաղաքի Նոյ թաղամասի` նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից իրեն փոխանցված՝ ավերածություններ գործելու համար պիտանի պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի հիշյալ առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով, եւ առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՎԱՃԱՌՔ՝ «ՏԵԼԵԳՐԱՄՈՎ»

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ» հավելվածի միջոցով, թմրանյութ իրացնելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա եւ դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ Երիտասարդներից մեկը հայտարարել է, որ դրանում առկա զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է նշված անձանց ինքնությունը, որոնք Աբովյան քաղաքի բնակիչներ են՝ 22 եւ 28 տարեկան:
Նրանցից մեկը ավտոմեքենայի բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային մեկ այլ տոպրակ՝ սեւ, դեղին, կարմիր եւ կանաչ գույների մանր փաթեթներով։ Նա հայտնել է, որ նշված փաթեթներում առկա է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որոնք ինքը «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել՝ հետագայում իր կողմից նույն հավելվածի միջոցով իրացնելու նպատակով՝ միաժամանակ նշելով, որ ժամեր առաջ Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում իրացնելու նպատակով, տեղադրել է նմանատիպ 7 փաթեթ, որոնք նկարել եւ ուղարկել է «Տելեգրամ» ալիքի համապատասխան էջին՝ դրանք հետագայում վաճառելու համար։
Նկատի ունենալով, որ երիտասարդների արարքում առերեւույթ առկա է հանցավոր իրավախախտման դրսեւորում, վերջիններս ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 89 հատ պոլիէթիլենային փաթեթ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ ապացուցողական գործողություններով պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք հանգամանքներ:
Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ երիտասարդները «Տելեգրամ» սոցիալական կայքի՝ ինքնությունը պարզվող օգտատիրոջ հետ թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնությամբ, խմբով, շահադիտական դրդումներով, Լոռու մարզում տեղադրելու եւ յուրաքանչյուր տեղադրված փաթեթից գումար ստանալու պայմանով, Փամբակ համայնքի բնակավայրերից մեկից ապօրինի կերպով ձեռք են բերել եւ իրենց մոտ ապօրինի պահել ընդհանուր 100 փաթեթ մարիխուանա եւ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցներ, որոնց տեղադրելուց հետո դրանք լուսանկարել են եւ տեղակայման հասցեների հետ միասին ուղարկել «Տելեգրամ» սոցիալական կայքի նշված օգտատիրոջը:
Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների թաքստոցներից 8-ի գտնվելու վայրը, որոնցից 5-ը հայտնաբերվել եւ վերցվել են քննչական գործողությունների ընթացքում, իսկ 89 փաթեթը հայտնաբերվել եւ վերցվել Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3:30-ին, Երեւան-Դոհա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել եւ ձերբակալել 56-ամյա Մայ Իսմաիլի-Ալաոուին: Նա 2023 թ. դեկտեմբերի 19-ից Մարոկկոյի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր՝ խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ եւ դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Նշված հասցե ոստիկանության Մաշտոցի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 9-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բնակարանի մուտքի դուռը բացել եւ գողացել են օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արեւային ակնոցներ, խմիչք եւ այլ իրեր:
Ձերբակալվել եւ բաժին է տարվել Ներքին Շենգավիթի բնակիչ 48-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
«Ուրբաթ օրը՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողը ինձ հարց ուղղեց՝ թքել կարելի՞ է. «Ո՛չ, թքել չի կարելի», – լրագրողին ուղիղ պարզաբանել եմ»:
Այս մասին երեկ՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Ամեն ինչ չէ, որ քրեորեն պատժելի է, բայց արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն քրեական օրենսգրքով պետք է խոսել: Եթե գլխավոր դատախազը քրեական հետապնդում չի հարուցելու, ուրեմն անե՞նք, ուրեմն կարելի՞ է: Հետո էլ գանք, ասենք՝ դատախա՛զ, ինչո՞ւ հանրային քրեական հետապնդում չես հարուցում, եթե հանցակազմ չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին անվանել էր «դավաճան»: Սիմոնյանի թիկնապահները բռնել էին երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել էր երիտասարդին եւ թքել նրա դեմքին:




Լրահոս