Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենին։
Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացին։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է արդեն իսկ իրականացված աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով ԼՂ հայրենակիցների բնակարանային ապահովման և զբաղվածության պետական ծրագրերը։ Նախարարը խոսել է նաև հետպատերազմյան ժամանակահատվածում առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված աշխատանքների մասին և այդ համատեքստում կարևորել Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված աջակցության դերը։
«Ֆրանսիան Հայաստանի այն բարեկամներից է, որը տարբեր նախաձեռնություններով մշտապես մեր երկրի կողքին է։ Ուրախ եմ, որ աջակցության տրամադրման պատրաստակամություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի կառավարությունը, այլև համայնքները։ Խոսքը, մասնավորապես, այն հումանիտար օգնության մասին է, որը ԼՂ շրջափակման օրերին ուղարկվել էր Փարիզի քաղաքապետի կողմից, և շատ կարևոր էր միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հարցի վրա հրավիրելու առումով»,- նշել է նախարարը։
Հաշվի առնելով այն, որ Սոֆի Ժուասենն արդյունավետ համագործակցություն ունի Մասիս քաղաքի հետ՝ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է տարբեր համայնքների միջև համագործակցության կարևորությանը, որը հնարավորություն կտա վերհանել տարբեր խնդիրներ և աշխատել դրանց կարգավորման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի և նախատեսվող աշխատանքների մասին։
Սոֆի Ժուասենը ևս կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են ներգրավվել և անհրաժեշտ ջանքեր գործադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում։