Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ:
Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն շենքերին, որտեղ գտնվում են Լիբանանում «Հըզբոլլահի» գործունեությունը հովանավորող Al-Qard Al-Hassan ֆինանսական և վարկային ասոցիացիայի գրասենյակները։
«Ձեր ընտանիքների անվտանգության համար դուք պետք է անհապաղ լքեք այս շրջանների տները և մնաք դրանցից առնվազն 500 մետր հեռավորության վրա։ Իսրայելական բանակը շուտով կսկսի ինտենսիվ գործողություններ Բեյրութի հարավում գտնվող ցամաքային թիրախների դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ: