![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/10503816-239-0-780-541-1920x0-80-0-0-a172832be1f701249776d4b66fcb2b7c_1-770x_-e1739260764924.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում արտացոլված հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, «անհիմն են և ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն, համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր հոդվածում գրել էր, որ «Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում. ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ»:
«Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձևակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից և համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:
Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ», – գրել էր Փաշինյանը: