
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե, տեսնելով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի խոշտանգումը, կիսում է բոլոր զգացմունքները։
«Հասկանում եմ այն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ-ն ու ես հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե դիվանագիտական հնարավոր աշխատանքներ արվում են։
«Բայց ուզում եմ մի բան արձանագրել՝ մենք աշխարհն ավելի լավ իմանալու ու ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու, ու հարցը լուծվելու է։ Ո՛չ, այդպես չէ։ Այս ու բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ սկսած ինձնից»,- ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ սենտիմենտները՝ սենտիմենտներ, բայց նաև պետք է փորձել բանաձևերով, ինչն անում են իրենք։
Նա վստահեցրեց, թե բոլոր բանակցություններում բարձրացնում են ռազմագերիների հարցը։
«Ընդ որում, մենք այդ հարցը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել, չեն երևում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, թե եթե վստահ լինի, որ կատարվող աշխատանքների մասին բարձրաձայն խոսելը օգուտ է տալու գործին, իր համար բարդ չէ դա ասելը։
«Բայց ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ասելը վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց։ Խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն բացահայտ են։ Կարող եք ասել՝ «ԱԳՆ-ի հայտարարությունը հիմա, կարծես թե, ավելի հստակ էր, ինչո՞ւ մինչև հիմա ավելի հստակ չէր». մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն, ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև այլևս սադրել չենք կարող, դա արդեն տեղի է ունեցել, սրանում է ամբողջ պատմությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։