Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների պայմանը։

«Եթե բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի ցանկացած հնարավոր ռազմականացման վերաբերյալ մտահոգությունների լուծումն է, ապա նման քննարկումները կարող են դիտարկման առարկա լինել: Սակայն, եթե նպատակը Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը վերացնելն է, որպեսզի հայտարարվի, որ այն, ինչին Օբաման չկարողացավ հասնել, այժմ ձեռք է բերվել, նման բանակցություններ երբեք տեղի չեն ունենա»,- ասվում է ՄԱԿ-ում Իրանի առաքելության հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և հինգշաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարներին՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն բանակցությունների:

«Ես ասացի, որ հուսով եմ, որ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար»,- ասել է Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այդ նամակը։ Մյուս այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ միջուկային զենք հայտնվի»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ նամակը հասցեագրված է եղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում Թրամփը հայտարարել է բանակցելու իր ցանկության մասին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ավելի ուշ պատասխանել է Թրամփին՝ ասելով, որ «որոշ բռնակալ պետությունների՝ բանակցությունների հարցում համառությունը չի լուծի խնդիրը, այլ կհանգեցնի նրանց կամքի պարտադրմանը»։
Դրանից հետո Թեհրանը հայտարարել է, որ իրենք ոչ մի նամակ չեն ստացել ԱՄՆ նախագահից, իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի։




Լրահոս