Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը որոշվել է սկսել այսօր՝ մարտի 26-ին՝ առաջին հիմնական նիստում։ ArmLur.am-ը փորձել է հենց պատգամավոր Հովիկ Աղազարյանից տեղեկանալ, թե ինչ բացահայտումներ է անելու Ազգային ժողովում, երբ իրեն խոսքի հնարավորություն տան։
-Պարո՛ն Աղազարյան, որոշված է, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազը գալու է ՀՀ Ազգային ժողով, որպեսզի Ձեզ զրկի անձեռնմխելիությունից, եւ քրեական վարույթ կսկսվի Ձեր հանդեպ։ Դուք շեշտում եք անընդմեջ, որ երբ դատախազը Աժ ներկայանա, բացահայտումներ եք անելու, այլեւս չեք լռելու «Քաղաքացիական պայմանագրի» մասին։ Եվ այն, ինչի մասին չեք խոսել, խոսելու եք։ Ինչի՞ եք պատրաստվում Դուք։ Ի՞նչ եք անելու։
-Ես աշխարհացունց բացահայտումներ չեմ անելու, որովետեւ բաներ կան, որ ոչ մի պարագայում չի կարելի ասել։ Բայց կան իրողություններ, որ իմ պաշտպանական տակտիկայի շրջանակում, ասելու եմ, որպեսզի փորձեմ հասկանալի լինել իմ գործընկերների եւ լայն հասարակության համար, թե ինչու ամեն ինչ այսպես դասավորվեց։ Ես ստիպված եմ արդեն որոշակի բաներ հայտնելու՝ ներողություն խնդրելով այդ վիճակի համար։
-Ինչի՞ց սկսվեց այս ամենը։ Դուք երկար ժամանակ է ասում եք, որ սա միայն Արգիշտի Քյարամյանի հետ կոնֆլիկտի խնդիրը չէր, այլ պատճառն այն էր, որ ամեն օր խոսում, բացահայտումներ էիք անում, այնպիսի թեմաներ շոշափում, որոնք դուր չէին գալիս Նիկոլ Փաշինյանին։ Ինչի՞ հետեւանքով սկսվեցին այս հետապնդումները։
-Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որեւէ մեկը, ով մտածում է՝ պարոն Քյարամյանի եւ իմ հետ տհաճ միջադեպի արդյունքում այս ամենը ստացվեց։ Դա ընդամենը առիթ էր, որ վարչապետն օգտագործի։ Ես իմ սրտի մի հեռու անկյունում մտածում եմ, որ վարչապետն այս ամենն անում է պետականության շահերից ելնելով, մտածելով, որ ես խանգարել եմ որոշակի հարցերի համապատասխան ընթացքին։ Խանգարել եմ այնքանով, որ իմ կարծիքն եմ հայտնել. ինչքանով է դա ազդել գործընկերներիս վրա՝ ուրիշ հարց է։ Նորից եմ ասում՝ կարծում եմ՝ վարչապետն այս ամենն անում է պետականության շահերից ելնելով, ես էլ ասում եմ, որ նա սխալվում է։
Նա հասել է մարդկային, քաղաքական բարոյական, ֆիզիկական, հոգեբանական այն վիճակին, որ սխալներ է թույլ տալիս, եւ այս սխալները կարող են ճակատագրական լինել պետության համար։ Ես էլ եմ պետության համար անհանգստանում եւ որոշակի բաներ պետք է ասեմ դարձյալ պետության շահերից ելնելով, որպեսզի ընկալելի լինեմ հասարակությանը, իհարկե, չհամարելով, որ իմ գնահատականները բացարձակ ճշմարտություն են։
-Դուք ինչո՞վ եք խանգարել, ի՞նչ եք ասել, ի՞նչ պրոցեսի եք միջամտել։
-Ես դա կասեմ իմ ելույթում, որպեսզի ելույթիս ամբողջական կառուցվածքը չխախտեմ։
-Դուք ասում եք, որ խանգարել եք, ՔՊ-ին դուր չեն եկել Ձեր սուր ելույթները, բայց իրենք էլ ասում են, որ ապացույցներ կան, որ 8000 դոլարի կաշառք եք վերցրել, 23,000 դոլար գումար եք վերցրել ինչ-որ գործարքների մեջ եք մտել տարբեր անձանց հետ։ Այսինքն՝ իրենք էլ ներկայացնում են, որ Դուք ամեն կերպ ներգրավված եք եղել կոռուպցիայի մեջ։
-Ազգային ժողովը կբավարարի ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը, եւ իրավական գործընթացներով ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ես փաստաթղթեր ունեմ հիմնավորումներ, որոնք կներկայացնեմ։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՌԿԱ Է ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՎՏԱՆԳ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում նշել է, որ տարածաշրջանում կա էսկալացիայի վտանգ։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ այդ վտանգը նվազագույնի կհասնի։ «Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, եւ հուսով ենք, որ Խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնին կհասնեն, եւ տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը»: Արաղչին ավելացրել է, որ դա բխում է բոլորի շահերից։
Պաշտոնական Երեւանը անմիջապես այն հայտարարությունից հետո, որ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը եւ մյուս մանրամասները: Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում: Պետք է շարունակել աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ եւ երկարատեւ խաղաղություն ապահովող լուծումներ. այլընտրանք ուղղակի չկա», – նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ:
«Հայաստանն ու Իրանը մոտ են սահմանին բեռնատարների դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված խնդրի լուծմանը», – ասել է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս այցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են վերոնշյալ խնդիրը: «Աշխատանքներ այդ ուղղությամբ տարվել են, մասնագիտական խումբ է աշխատել: Մենք ունենք մոտավոր բանաձեւ, որը երկու երկրների բեռնափոխադրողների, վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ, հարմարավետություն կառաջարկի: Այժմ մենք շատ մոտ ենք վերջնականացմանը, առաջիկայում կհանրայնացնդենք», – նշեց Արարատ Միրզոյանը: Իրանի ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանի գործընկերոջ հետ զրույցի ժամանակ պայմանավորվել են՝ բեռնատարների եւ վարորդների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ծախսերը պետք է նվազեն՝ հնարավորություն ընձեռելով, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բեռնափոխադրումներն ակտիվանան: Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել մարտի 24-ին։























