Երեկ ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններից հետո 7 անձ ձերբակալվեց, որոնք մեղադրվում են կրկին ահաբեկչության մեջ։ ՀՅԴ-ի դեմ ուղված սլաքներին զուգահեռ ՔՊ-ն օգտագործում է պատգամավորական լսարանն ու ազդակներ ուղարկում հասարակություն։
Մասնավորապես, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ ժամանակն է կրկին փակել Դաշնակցությունը։
Նա, մասնավորապես, հայտարարել է. «Սիրելի ընկերներ, վստահ եմ հետեւում եք, թե մեր ուժային համակարգը դաշնակցականների տներից ինչ արսենալ է հանել եւ առգրավել։
Իրականում նրանք ոչ միայն դաշնակցականներ են, այլև ահաբեկչության կազմակերպիչներից են։ Դեռեւս չեմ տեսել մեր ընդդիմադիր գործընկերների լալահառաչ տեքստերը, որ մեզ բռնաճնշումների են ենթարկում, այդ զենք–զինամթերքը AI–ով (արհեստական բանականությամբ–խմբ) է գեներացված, կամ որ դրանք ընդամենը երեխեքի խաղալիքներ են, երեխեքը դրանով կռիվ–կռիվ են խաղում, կամ պապաներն են դրանով կռիվ–կռիվ խաղում։
Ու առհասարակ, ժամանակն է մտածել Դաշնակցություն կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին»։
Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում փակել ՀՅԴ-ն և ինչպես է դա հնարավոր․
Հասմիկ Հակոբյանը կարծում է, որ 135 տարվա պատմություն ունեցող ՀՅ Դաշնակցությունը պետք է փակել, ինչպես ժամանակին արեց առաջին նախագահը:
Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը շնորհակալություն էր հայտնել իշխանական Հասմիկ Հակոբյանին՝ իշխանության իրական պլանները բարձրաձայնելու համար:
Իսկ ՔՊ-ական պատգամավորն ինչպե՞ս է պատերացնում Դաշնակցության փակումը.
«Ես դեռևս չունեմ պլան՝ դա ինչպես անել, բայց կարելի է Լևոն Տեր-Պետրոսյանից հարցնել այդ մասին»:
Հարկ է նշել, որ 1994 թվականին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրամանագրով ժամանակավորապես դադարեցրել էր ՀՅԴ գործունեությունը՝ քաղաքական սպանություններ իրականացնելու ու ահաբեկչական գործողություններ ծրագրելու, միջազգային թմրաբիզնեսին մասնակցության և գաղտնի հետախուզական ծառայություն ստեղծելու հիմնավորմամբ:
Տեր-Պետրոսյանի այդ հրամանագիրը 1998 թվականին չեղյալ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























