Երեկ՝ ապրիլի 1-ին, «Ժողովուրդ» օրաթերթը, հավատարիմ մնալով իր 15 ամյա ավանդույթին, հրապարակել էր երկու լուր՝ (Կ) տարբերանշանով՝ որպես ապրիլմեկյան կատակ։ Սակայն, ինչպես գրեթե ամեն տարի է լինում, ընթերցողների մի զգալի հատված չի նկատել լուրերի վերջում դրված այդ փոքր, բայց կարևոր նշանը և հրապարակումներն ընդունել է որպես իրականություն։
Արդյունքում՝ խմբագրությունը ողջ օրվա ընթացքում ստացել է տարակուսած ու միաժամանակ ոգևորված զանգեր և հաղորդագրություններ։ Ոմանք փորձում էին ճշտել՝ արդյոք իսկապե՞ս ՔՊ-ն որոշել է փոխել իր քաղաքական վարքագիծը, դառնալ ավելի զուսպ ու քաղաքակիրթ, մյուսներն էլ անկեղծորեն հետաքրքրվում էին, թե ե՞րբ պետք է Հայաստան վերադառնան Մոսկվայում գտնվող, հանրային ուշադրության կենտրոնում հայտնված տարբեր գործիչները։ Կային նաև այնպիսիք, որոնք հրապարակումներից մեկն այնքան լուրջ էին ընդունել, որ նույնիսկ հասցրել էին խմբագրությանը մեղադրել իբր «ՔՊ-ի գովազդն» անելու մեջ։
Մինչդեռ իրականությունը շատ ավելի պարզ էր․ «Ժողովուրդ» օրաթերթը պարզապես պահպանել էր իր ավանդույթը։ Արդեն շուրջ 15 տարի ապրիլի 1-ին թերթը քաղաքական թեմատիկայով կատակ հրապարակումներ է անում՝ փորձելով ոչ միայն արձանագրել օրվա տրամադրությունը, այլև երբեմն հենց կատակով ավելի դիպուկ ներկայացնել քաղաքական իրականության աբսուրդը։
Երեկվա առաջին ապրիլմեկյան «լուրը» վերաբերում էր նրան, թե իբր Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստում հայտարարել է, որ ապրիլի 1-ից իշխող թիմը փոխում է իր քաղաքական գործելաոճը, այսուհետ խստագույնս պահպանում է էթիկայի ու վարքականոնի կանոնները, այլևս չի թիրախավորում ընդդիմախոսներին, լրագրողներին ու քննադատներին և պատրաստվում է ընտրարշավ մտնել առավել զուսպ ու քաղաքակիրթ մթնոլորտում։ Թեև հրապարակման վերջում հստակ նշված էր (Կ), շատերը դա պարզապես չեն նկատել և լուրն ընկալել են «անհավանական, բայց հաճելի» նորություն։
Երկրորդ կատակ-հրապարակումն էլ, թերևս, ավելի մեծ արձագանք էր առաջացրել։ Այն վերաբերում էր իբր քաղաքական համաձայնությանը, ըստ որի՝ Ռուսաստանում գտնվող և տարբեր քրեական կամ քաղաքական պատմություններով հայտնի մի շարք դեմքեր կարող են վերադառնալ Հայաստան ու մասնակցել հունիսի 7-ին սպասվող ընտրություններին։ Հենց այս հրապարակումն էր բառացիորեն «փոթորկել» դաշտը․ խմբագրություն զանգահարողներն իրար հետևից փորձում էին հասկանալ՝ որքանո՞վ է սա հնարավոր, որքանո՞վ՝ հավաստի, և արդյոք իսկապե՞ս կարող են վերադառնալ Մոսկվայում բնակվող ու հետախուզվող գործիչները։ Շատերի համար լուրը թվում էր անհավանական, բայց քաղաքական այսօրվա իրողությունների ֆոնին՝ միաժամանակ ոչ ամբողջությամբ անհնար։
Սակայն հենց սա էլ, թերևս, ապրիլմեկյան հաջող կատակի ամենախոսուն ցուցիչն է․ երբ կատակն այնքան մոտ է դառնում իրականությանը, որ ընթերցողը մի պահ սկսում է կասկածել՝ գուցե սա իսկապե՞ս կատարվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա երկու հրապարակումներն էլ հենց այդ շարքից էին՝ անհավանական, բայց այնքան «ճշմարտանման», որ շատերը չնկատեցին վերջում դրված (Կ)-ն և դրանք ընդունեցին որպես քաղաքական կյանքի հերթական անակնկալ շրջադարձ։




























