Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոշտ և միաժամանակ զգուշացնող հայտարարություններով է անդրադարձել Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության թեմային՝ ակնարկելով, որ Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ «բաժանման» և նույնիսկ ստեղծել ուկրաինական սցենարի ռիսկեր։
Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում խոչընդոտել Հայաստանի որևէ որոշման, եթե այն բխում է հայ ժողովրդի շահերից, սակայն ընդգծել է, որ Երևանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր ռազմավարական կողմնորոշումը։ Նրա խոսքով՝ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև գոյություն ունեն անհամատեղելի տնտեսական ու մաքսային կանոններ, որոնք անխուսափելիորեն խնդիրներ կստեղծեն։
«Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերին, ապա դա, իհարկե, հատուկ քննարկման հարց է։ Մենք այդ թեման վարչապետ Փաշինյանի հետ մեկ անգամ չէ որ քննարկել ենք։
Եվ, իրականում, այստեղ արտառոց ոչինչ չենք տեսնում։ Նա էլ կհաստատի՝ ես նրան այդ մասին մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ կարող եմ հրապարակայնորեն կրկնել։
Մենք աջակցում ենք այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Մենք հայ ժողովրդի հետ դարերով ձևավորված առանձնահատուկ հարաբերություններ ունենք։ Եվ եթե այս կամ այն որոշումը շահավետ է հայ ժողովրդի համար, խնդրեմ, մենք դեմ չենք լինի։
Սակայն, իհարկե, մենք պետք է հաշվի առնենք որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են թե՛ մեզ համար, թե՛ մեր գործընկերների»։
Պուտինը հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին կազմել է շուրջ 7 միլիարդ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ ծավալ է՝ հաշվի առնելով երկրի մոտ 29 միլիարդ դոլար ՀՆԱ-ն։
ՌԴ նախագահը շեշտել է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստանում է էական առավելություններ՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, մաքսային վճարների և միգրացիոն ոլորտներում, և այդ ամենը կարող է վերանայվել, եթե Երևանը վերջնականապես ընտրի եվրոպական ուղղությունը։
Առավել ուշագրավ էր Պուտինի ելույթի այն հատվածը, որտեղ նա Հայաստանի իրավիճակը համեմատեց Ուկրաինայի հետ։ ՌԴ նախագահի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը սկսվել է հենց Եվրամիության հետ ինտեգրման գործընթացից, երբ Մոսկվան և Բրյուսելը չեն կարողացել համաձայնության գալ տնտեսական ու մաքսային կանոնների շուրջ։
«Եվ, իմ կարծիքով, ճիշտ կլիներ՝ թե՛ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր նկատմամբ՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ, հնարավորինս շուտ հստակ որոշում կայացնել։
Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա, իհարկե, մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և քաղաքացիներին հարցնել, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան մենք էլ կանեինք համապատասխան հետևություններ և կգնայինք այսպես ասած՝ փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ բաժանման ճանապարհով։
Հասկանում եք, հիմա մենք տեսնում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց այդ ամենը։ Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու կամ անդամակցելու փորձերից։ Դա միայն առաջին փուլն էր։
Սա լուրջ հարց է։ Այդ պատճառով պետք չէ իրավիճակը հասցնել ծայրահեղության։ Պետք է ժամանակին պարզապես ասել՝ մենք այսպես ենք անելու կամ այնպես։ Այստեղ արտառոց ոչինչ չկա։ Պետք է ամեն ինչ հաշվարկել։ Եվ հայկական կողմը պետք է հաշվարկի, և մենք պետք է հաշվարկենք։
Ես հիմա պատասխանում եմ և մտածում եմ, որ միանգամայն հնարավոր կլիներ այս հարցը դնել ԵԱՏՄ-ի հերթական գագաթնաժողովի օրակարգում»։
Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորինս արագ և հստակ հայտարարեն իրենց վերջնական որոշման մասին՝ առաջարկելով նույնիսկ հանրաքվե անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչ ընտրություն է կատարում հայ ժողովուրդը։
Պուտինի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Մոսկվան արդեն դժգոհություն է հայտնել Երևանում կայացած «Հայաստան-Եվրամիություն» և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների ընթացքում հնչած հակառուսական հայտարարությունների վերաբերյալ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում Երևանում Վլադիմիր Զելենսկիի հնչեցրած հակառուսական հայտարարությունների վերաբերյալ։
Անի Վարդանյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























