Նիկարագուայի երկարամյա նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկիրը այլևս ընտրություններ չի անցկացնի՝ ընդդիմության՝ իշխանության գալու հնարավորությունը բացառելու համար։
80-ամյա Օրտեգան, որը իշխանության ղեկին է 2007 թվականից, նաև հայտարարել է, որ իր վերահսկողության տակ գտնվող խորհրդարանի հետ կաշխատի նոր օրենքներ ընդունելու ուղղությամբ, որոնք, նրա խոսքով, պետք է «պատնեշ կառուցեն» ընդդիմության դեմ։
Նախագահը նման հայտարարություն է արել կիրակի օրը՝ Սանդինիստական հեղափոխության 47-րդ տարեդարձի պաշտոնական միջոցառման ժամանակ։ 1979 թվականի հեղափոխության ընթացքում Օրտեգան մասնակցել էր Անաստասիո Սոմոսայի բռնապետական ռեժիմի տապալմանը։
Չնայած նրան, որ Օրտեգայի և նրա կնոջ՝ «համա-նախագահ» Ռոսարիո Մուրիլիոյի իշխանությունը տարիներ շարունակ ուղեկցվել է երկրում ժողովրդավարական գործընթացների սահմանափակմամբ, նրա վերջին հայտարարությունը շատերի կողմից գնահատվում է որպես իրավիճակի կտրուկ սրում։
«Այս որոշմամբ Օրտեգան և Մուրիլիոն ամրապնդեցին երկրի անցումը լիարժեք ընտանեկան բռնապետության», – հայտարարել է Լատինական Ամերիկայի հարցերով վերլուծաբան Տիցիանո Բրեդան՝ Armed Conflict Location & Event Data կազմակերպությունից։
Օրտեգան իր ելույթում, որը հնչեցրել է հազարավոր պետական աշխատակիցների ներկայությամբ, հայտարարել է.
«Այստեղ այլևս ընտրություններ չեն լինի, որպեսզի նրանք (ընդդիմադիր կուսակցությունները) չփորձեն գրավել կառավարությունը, վերցնել իշխանությունը»։
Նիկարագուայի նախագահը, որը վերջին 61 օրվա ընթացքում չէր երևացել հանրային միջոցառումներում, հավելել է, որ իշխանությունները կաշխատեն Ազգային ժողովի և պետական այլ կառույցների հետ՝ ընդունելու օրենքներ, որոնք «պատնեշ կդառնան հեղաշրջման կազմակերպիչների և հայրենիքը դավաճանողների դեմ»։
Նիկարագուայում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին հաջորդ տարի, սակայն Օրտեգան չի մանրամասնել՝ դրանք ամբողջությամբ կչեղարկվեն, թե ընդդիմությանը պարզապես կարգելվի մասնակցել։
Միևնույն ժամանակ, ընդդիմության մասնակցությունը ընտրություններին արդեն իսկ սահմանափակվել է։ 2021 թվականի ընտրական գործընթացի ընթացքում իշխանությունները արգելեցին մի շարք կուսակցությունների գործունեությունը, իսկ ընդդիմադիր նախագահի թեկնածուները ձերբակալվեցին։
Օրտեգայի իշխանությունը նախորդ տարի անցկացրել էր սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացվել էր հինգից մինչև վեց տարի, իսկ նրա կինը՝ նախկին փոխնախագահ Ռոսարիո Մուրիլիոն, ստացել էր «համա-նախագահի» կարգավիճակ։
Միացյալ Նահանգները Օրտեգա-Մուրիլիոն կառավարությունը անվանում է «Մուրիլիոն-Օրտեգայի բռնապետություն»։
Իր ելույթի ընթացքում Օրտեգան նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ անդրադառնալով Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության գործողությանը։ Նա հայտարարել է, որ ամերիկյան ուժերը «գրոհել են նախագահական պալատը» և «առևանգել» Մադուրոյին ու նրա կնոջը։
Օրտեգան հայտարարել է, որ ընդդիմությանը իշխանության վերադարձը թույլ չտալը անհրաժեշտ է երկիրը, իր խոսքով, «հեղաշրջման կազմակերպիչներից» պաշտպանելու համար։ Նա պնդել է, որ 2018 թվականի զանգվածային բողոքի ցույցերը կազմակերպվել են ընդդիմադիր ուժերի կողմից։
Մինչդեռ ՄԱԿ-ը և մարդու իրավունքների կազմակերպությունները հայտարարել են, որ այդ բողոքի ցույցերի ժամանակ իշխանությունները իրականացրել են բռնի ճնշումներ, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 350 մարդ, հարյուրավորները վիրավորվել են, հազարավորները ձերբակալվել, իսկ շուրջ 1 միլիոն նիկարագուացի ստիպված է եղել լքել երկիրը։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Նիկարագուայում ներկայում կա մոտ 50 քաղաքական բանտարկյալ։ Իշխանությունները զրկել են 546 մարդու քաղաքացիությունից, փակել ավելի քան 5600 հասարակական կազմակերպություն, 29 համալսարան և 58 լրատվամիջոց։
Անի Վարդանյան























