ArmLur.am-ը շարունակել է պարզել, թե ինչ ունեցվածք ունեն պետական պաշտոնյաները։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Ռոբերտ Խաչատրյանը։
Նախքան հայտարարագրերի մանրամասներին անցնելը, հիշեցնենք, թե ինչ պաշտոններ է զբաղեցրել Ռոբերտ Խաչատրյանը։ 2021-2022 թվականներին նա եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ 2022 թվականի ապրիլի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, որտեղ պաշտոնավարել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը։ Այնուհետև, 2024 թվականի փետրվարի 6-ին նա նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական։
Ուսումնասիրելով նրա հայտարարագրերը ամենասկզբից՝ ArmLur.am-ը ներկայացնում է ունեցվածքի դինամիկան հերթով՝ ըստ տարիների։
2021 թվականի հոկտեմբերի 4-ին՝ փոխնախարարի պաշտոնը ստանձնելիս ներկայացված հայտարարագրում, Ռոբերտ Խաչատրյանի անունով անշարժ գույք չի եղել։ Նա հայտարարագրել էր 2008 թվականի արտադրության Toyota մարդատար ավտոմեքենա, որը գնման եղանակով ձեռք էր բերել դեռևս 2011 թվականին։ Պաշտոնը ստանձնելու պահին նա ունեցել է երկու բաժնետոմս. մեկը «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ընկերությունում՝ 50 հազար դրամ արժողությամբ, իսկ մյուսը՝ Վահան Էդուարդի Հարությունյանի անունով գործարքի շրջանակում՝ 500 հազար դրամ արժողությամբ։ Բանկային հաշիվների մնացորդներ չեն նշվել, սակայն պաշտոնը ստանձնելիս նա ունեցել է տպավորիչ կանխիկ միջոցներ՝ 30 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո և 4 միլիոն դրամ։ Վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 9 միլիոն դրամ։
2021 թվականի տարեկան հայտարարագրում պատկերը գրեթե նույնն է։ Անշարժ գույք կրկին չի նշվել, իսկ Toyota ավտոմեքենան պահպանվել է: Տարեկան կտրվածքով տրամադրված փոխառությունները և կանխիկ գումարները մնացել են անփոփոխ։ Բանկային հաշիվներում տարվա սկզբին նա ունեցել է 192 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն 228 հազար դրամ։ Որպես եկամուտ հայտարարագրվել է 1 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ստացվել է նախարարությունից՝ որպես աշխատավարձ։
2022 թվականի ապրիլին նախարար դառնալուց հետո Խաչատրյանի ֆինանսական հոսքերն ավելացել են։ ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա հայտարարագրել է 24 միլիոն 680 հազար 82 դրամի եկամուտ, որից 18 միլիոն 24 հազար 85 դրամը ստացել է ԲՏԱ նախարարությունից որպես աշխատավարձ։ Եկամտի մյուս մասը գոյացել է «Կոնվերս բանկից» ստացած 6 միլիոն 513 հազար 497 դրամ վարկից և «Սիմարտեկ» ՓԲԸ-ից ստացած 142 հազար 500 դրամ շահաբաժնից։ Անշարժ գույք դարձյալ չի հայտարարագրվել, իսկ 2008 թվականի Toyota-ն մնացել է։ 500 հազար դրամ արժողությամբ բաժնետոմսը պահպանվել է։ Բանկային հաշիվների մնացորդները 1 միլիոն 205 հազար 655 դրամից աճել են՝ հասնելով 3 միլիոն 60 հազար 247 դրամի։ Կանխիկ դրամական միջոցները նորից չեն փոխվել՝ 30 հազար դոլար, 10 հազար եվրո և 4 միլիոն դրամ։
2024 թվականի փետրվարի 6-ին նախագահի խորհրդականի պաշտոնը ստանձնելիս ներկայացված հայտարարագրում նշվում է, որ անշարժ գույք կրկին չի եղել, իսկ Toyota մեքենան դեռ պահպանվել է։ Երկու փոխառությունները մնացել են նույնը՝ ընդհանուր կազմելով 7 միլիոն 324 հազար 678 դրամ։ Բանկային հաշիվներում Խաչատրյանն ունեցել է 2 միլիոն 113 հազար 642 դրամ, մեկ այլ հաշվին՝ 11 հազար 786 դրամ, ինչպես նաև 46.51 եվրո (ընդհանուր առմամբ՝ 2 միլիոն 125 հազար 428 դրամ և 46.51 եվրո)։ Կանխիկ միջոցները նորից եղել են 30 հազար դոլար, 10 հազար եվրո և 4 միլիոն դրամ։ Նախորդ պաշտոնից աշխատանքի վարձատրության տեսքով հայտարարագրվել է 3 միլիոն 259 հազար 704 դրամ եկամուտ։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 5 միլիոն 319 հազար 255 դրամ։
Եվ վերջապես, ArmLur.am-ը ուսումնասիրել է 2026 թվականի հունիսի 1-ին ներկայացված՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ կան որոշակի փոփոխություններ։ Նախագահի խորհրդականը 2025 թվականի սեպտեմբերի 24-ին իր ավտոմեքենան 2 միլիոն 600 հազար դրամով վաճառել է, և տարեվերջում նրա անունով տրանսպորտային միջոց ընդհանրապես չի եղել։ Անշարժ գույք դարձյալ չի ավելացել։ Բաժնային ներդրումը մնացել է 500 հազար դրամ։ Փոխառությունները (2 միլիոն 744 հազար դրամ և 4 միլիոն 580 հազար 678 դրամ) մնացել են անփոփոխ։ Բանկային հաշիվներում եղած գումարները նվազել են. տարվա սկզբում առկա 54.7 եվրոն և 22 հազար 49 դրամը դարձել են համապատասխանաբար 20.39 եվրո և 833 դրամ։ Չնայած այս ամենին՝ 30 հազար դոլար, 10 հազար եվրո և 4 միլիոն դրամ կանխիկ միջոցները այս տարի ևս մնացել են անփոփոխ։ 2025 թվականին նրա հիմնական եկամուտը եղել է Նախագահի աշխատակազմից ստացած 16 միլիոն 32 հազար 869 դրամը։ Տարեվերջի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 3 միլիոն 50 հազար 412 դրամ ։

Սոնա Գրիգորյան
























































































