ՀՀ գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (հաճախ՝ նաև անառիթ) անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Yerevan.Today-ն օրերս հարցում էր ուղարկել դատախազություն՝ մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու ակնկալիքով։ Զարմանալիորեն, դատախազությունը մերժել է տվյալների տրամադրումը։
Ինչի՞ մասին էինք փորձում տեղեկանալ և ինչու
1․ Չնախաձեռնված վարույթներն ու արդար պաշտոնյաները
Այսպես, մենք հարցրել էինք՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 2021 թվականից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ (կամ մինչև արդեն ամփոփված ժամանակահատվածը) քա՞նի անձի վերաբերյալ է ուսումնասիրություն կատարվել, քա՞նիսի նկատմամբ վարույթ չի նախաձեռնվել, և ովքե՞ր են նրանք։
Դատախազությունը հրաժարվել է տալ տվյալները։ Կարծում ենք՝ թափանցիկ աշխատող կառույցն այլ կերպ կվարվեր։ Այս հարցը չափազանց կարևոր է հանրության համար։ Ըստ Գլխավոր դատախազության հաշվետվության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ավելի քան 400 անձի մասով կատարվել է ուսումնասիրություն։
Եվ ուրեմն, ովքե՞ր են նրանք․ գուցե նրանց մեջ կան նախկին կամ ներկա պաշտոնյաներ, ում թալանչիի համբավ է կպցվել, սակայն պարզվել է, որ դա սուտ էր։ Գուցե նրանց շարքում կան ՔՊ-ական՝ օր-օրի հարստացող պաշտոնյաներ, որոնց մասին ուսումնասիրություն են արել ու համարում են, որ արագ հարստանալը նորմալ է, և այլն։
2․ Կարճված վարույթները
Մեր մյուս հարցն էր՝ «Քա՞նի անձի նկատմամբ նախաձեռնված վարույթն է կարճվել, ովքե՞ր են նրանք և ի՞նչ գույքի օրինականությունն էր վիճարկվում»։
Դատախազությունը հրաժարվել է պատասխանել այս հարցին ևս, ինչն առավել տարօրինակ է, քան նախորդ հարցին չպատասխանելը։
Բանն այն է, որ եթե դատախազությունը նախնական ուսումնասիրություններ անելիս հաղորդագրություն չի տարածում և չի նշում, թե որ պաշտոնյայի նկատմամբ է ուսումնասիրություն տեղի ունենում, ապա հայցերի պարագայում ճիշտ հակառակն է․ նշում են, որ այսինչ նախկին պաշտոնյայից (գործող պաշտոնյաների վերաբերյալ դեռ հաղորդագրություն չի տարածվել վերջին 5 տարիներին) պահանջվում է այսքան անշարժ գույք, այսքան տրանսպորտային միջոց, այսքան իրավաբանական անձանցում մասնակցություն, այսքան դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և այլն՝ նայած ումից ինչ են պահանջում։ Այդ մարդկանց անունները հրապարակվում են, ու դրանով իսկ արդեն խախտվում է անմեղության կանխավարկածը. հանրության մոտ նրանք հայտարարվում են թալանչի, բայց հետո այդ անձանց մի մասի վերաբերյալ վարույթը կարճվում է, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում՝ թողնելով նախնական կարծիքը նրանց թալանչի լինելու վերաբերյալ։
Ցավոք, Հայաստանի այս իշխանության գործելակերպը տարբեր թեմաներում էլ նույնն է՝ անձին պախարակել, մանավանդ եթե նախկին պաշտոնյա է, աղմուկով քրգործեր հարուցել, բայց գործերը կարճել և նրան արդարացնել անաղմուկ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․
























































































