Նոյեմբերի 12-ին Microsoft-ի մի շարք ծառայություններում տեղի ունեցած գլոբալ խափանումը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել աշխարհում թվային ենթակառուցվածքների խոցելիության վրա։ Խափանումների հետևանքով տարբեր երկրներում խնդիրներ են առաջացել Outlook, Microsoft Teams, Copilot և Microsoft 365 այլ ծառայությունների աշխատանքում։ Տեխնիկական խնդիրը տարածվել է տասնյակ երկրների վրա՝ ազդելով պետական կառույցների, բանկերի, դատարանների, առողջապահական հաստատությունների և մասնավոր ընկերությունների աշխատանքի վրա։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Microsoft-ը նոյեմբերի 14-ին հայտարարել է, որ ամբողջությամբ վերականգնել է խափանված ծառայությունների աշխատանքը։ Ընկերության տվյալներով՝ խնդիրը կապված է եղել տեխնիկական ենթակառուցվածքների աշխատանքի հետ, և այն կիբերհարձակման հետևանք չի եղել։
Խափանումների մասին տեղեկություններ են ստացվել ավելի քան 70 երկրից։ Խնդիրներ են առաջացել հատկապես էլեկտրոնային նամակագրության, առցանց հաղորդակցության և աշխատանքային հարթակների հասանելիության հարցում։
Սակայն այս պատմության ամենակարևոր կողմը ոչ թե էլեկտրոնային նամակների կամ առցանց հանդիպումների խափանումն է, այլ այն, թե որքանով են պետական և ֆինանսական համակարգերը կախված մեկ տեխնոլոգիական մատակարարից։
Օրինակ՝ Սինգապուրում Microsoft-ի խափանումը որոշակի ազդեցություն է ունեցել պետական կառույցների, դատարանների և բանկերի աշխատանքի վրա։ Տարբեր կազմակերպություններում արձանագրվել են էլեկտրոնային նամակների ուղարկման և ստացման ուշացումներ։ Միաժամանակ երկրի բանկերը հայտնել են, որ հիմնական բանկային գործառնությունները շարունակել են աշխատել, իսկ բանկոմատները, քարտային գործարքներն ու բանկային հավելվածները հասանելի են եղել։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Microsoft-ի ծառայությունների խափանումը ինքնին չի նշանակում բանկային հաշիվների կամ քաղաքացիների դրամական միջոցների կորուստ։ Այնուամենայնիվ, եթե բանկը կամ պետական կառույցը կարևոր գործառույթների համար կախված է արտաքին ամպային ծառայություններից, այդ ծառայությունների խափանումը կարող է ժամանակավորապես սահմանափակել որոշ գործողությունների իրականացումը։
Առանձին ուշադրության է արժանի նաև պետական և անվտանգային համակարգերի հարցը։ Տեխնոլոգիական մատակարարի խափանումը կարող է խոչընդոտել պետական կառույցների ներքին հաղորդակցությանը, փաստաթղթաշրջանառությանը և որոշ թվային ծառայությունների աշխատանքին։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ ռազմական, հետախուզական կամ այլ կարևոր անվտանգային համակարգերը նույնպես խափանվել են։ Դրանց վրա ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ են կոնկրետ տվյալներ։
Այսպիսով, Microsoft-ի վերջին միջադեպը ցույց է տալիս, որ թվային ենթակառուցվածքների կայունությունն այսօր ոչ միայն տեխնոլոգիական, այլև պետական կառավարման, տնտեսական և ազգային անվտանգության խնդիր է։
Հիշեցնեք, որ ավելի վաղ գրել էինք խափանումների ազդեցությունը հասել էր նաև ԱՄՆ օրենսդիր մարմին։ Microsoft-ի ծառայությունների աշխատանքի խաթարման հետևանքով խնդիրներ էին առաջացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աշխատակազմում։ Մասնավորապես, օրենսդիրների աշխատակիցները չէին կարողանում բնականոն օգտվել Outlook էլեկտրոնային փոստից, ինչի հետևանքով խաթարվել էր ներքին հաղորդակցությունը։ Ներկայացուցիչների պալատի վարչական պատասխանատուն աշխատակիցներին նախազգուշացում էր ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Անի Վարդանյան























































































