ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում մերժվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկը, որով նախատեսվում էր սահմանել, որ նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։
ՔՊ ներկայացուցիչները մերժումը հիմնավորել են նրանով, որ արտահերթ ընտրությունների հնարավորության պայմաններում երկու անընդմեջ ժամկետը հաշվարկելու հարցում կարող են դժվարություններ առաջանալ։ Միևնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է ավելի հստակ սահմանափակում՝ անկախ արտահերթ ընտրությունների քանակից, որևէ անձ չի կարող վարչապետի պաշտոնը զբաղեցնել ընդհանուր առմամբ 10 տարուց ավելի։ Մարուքյանն առաջարկել է նաև խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 5, այլ 4 տարին մեկ։ Այս տարբերակով նույն անձը երկու ամբողջական՝ 4-ամյա ժամկետից հետո այլևս չի կարողանա առաջադրվել վարչապետի պաշտոնում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մարուքյանի առաջարկի վերաբերյալ ՔՊ-ի դիրքորոշումը դեռ հայտնի չէ։ Ստացվում է՝ մի կողմից Փաշինյանն առաջարկում է իրեն հեռացնել վարչապետի պաշտոնից՝ հանրաքվեի գնալով, մյուս կողմից հրաժարվում է իր և իր հաջորդների անժամկետ պաշտոնավարման արգելքը ամրագրել երկրի մայր օրենքի փոփոխությունների մեջ:
























































































