Armenian text to speach

Ժերար Դեպարդյեն հրաժարվել է բողոքարկումից և ընդունել սեռական ոտնձգությունների մեղադրանքով կայացված դատավճիռը Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն հրաժարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն հրաժարվել է բողոքարկել երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների համար իր նկատմամբ կայացված դատավճիռը և ընդունել 18 ամսվա պայմանական ազատազրկման պատիժը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Դերասանը երկուշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ նշել է, որ ընդունում է դատարանի որոշումը և ներողություն է խնդրել տուժածներից։

«Ես մեղավոր եմ ճանաչվել։ Ես լսում եմ դա և ընդունում պատիժը։ Ուստի խորին և անկեղծ ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր կարող էին տուժել»,- նշել է Դեպարդյեն։

Դեպարդյեն 2025 թվականի մայիսին մեղավոր էր ճանաչվել 2021 թվականին «Կանաչ փեղկեր» (Les Volets Verts) ֆիլմի նկարահանումների ժամանակ 54-ամյա դեկորատորի և 34-ամյա օգնականի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար։

Դատարանը նրան նշանակել էր 18 ամսվա պայմանական ազատազրկում, ինչպես նաև պարտավորեցրել էր երկու տուժածներին ընդհանուր առմամբ 29 հազար 40 եվրո փոխհատուցում վճարել։ Բացի այդ, որոշում էր կայացվել դերասանի անունը ներառել սեռական հանցագործություններ կատարած անձանց ազգային ռեգիստրում։

Նշենք, որ դատավարության ընթացքում դերասանը կտրականապես հերքել էր իրեն ներկայացված մեղադրանքները՝ ընդունելով միայն նկարահանման հրապարակում անպարկեշտ և սեռական բնույթի արտահայտություններ օգտագործելու փաստը։

Դեպարդյեն, սակայն, կարող է առաջիկայում ներգրավվել մեկ այլ դատական գործընթացում։ 2018 թվականին դերասանուհի Շառլոտ Առնուլդը նրան մեղադրել էր իր նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ։ 2025 թվականի օգոստոսին քննիչ դատավորը միջնորդել էր գործն ուղարկել դատարան։ Փարիզի վերաքննիչ դատարանը առաջիկայում պետք է որոշի՝ գործը կքննվի՞ դատարանում, թե՞ ոչ։

77-ամյա Ժերար Դեպարդյեն տասնամյակներ շարունակ եղել է ֆրանսիական կինոյի ամենահայտնի դերասաններից մեկը։ Վերջին տարիներին նրա վարքագիծը կանանց նկատմամբ հայտնվել է հանրային և իրավական քննադատության կենտրոնում։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս