Ստեղծվելու է Վլադիմիր Աբաջյանի անվան խոսքարվեստի դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զարթոնք» համերգային ընկերությունը մայիսի 27-ին կազմակերպել էր հուշ – երեկո` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանի հիշատակին:

Հուշ-երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ասմունքի ասպարեզի անվանի ու լավագույն ներկայացուցիչներ: Նրանք կարդացին այնպիսի բանաստեղծություններ, որոնք տարիներ շարունակ հայ արվեստասեր հանրության համար ընթերցել է ասմունքի մեծ վարպետը: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև ազգային-ժողովրդական սիրված երգեր:

«Զարթոնք» համերգային ընկերության ղեկավար Անդրանիկ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վլադիմիր Աբաջյանը 22 տարի շարունակ եղել է «Զարթոնք»-ի կողքին. «Վլադիմիր Աբաջյանն ինձ համար ե՛ւ մտերիմ ընկեր էր, ե՛ւ գործընկեր: Նա «Զարթոնք»-ին բերեց փառք, պատիվ ու փայլ»,-անկեղծացավ «Զարթոնք» համերգային ընկերության ղեկավարը:

Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ, հավանաբար, մինչև այս տարվա վերջ կստեղծվի Վլադիմիր Աբաջյանի անվան խոսքարվեստի դպրոց: «Գաղափարը «Զարթոնք» համերգային ընկերությանն է, իսկ ավելի կոնկրետ՝ իմը»,- ասաց համերգային ընկերության ղեկավարը` հավելելով, որ Վլադիմիր Աբաջյանի անունով ոչ միայն պետք է խոսքարվեստի դպրոց ստեղծել, այլև ցանկալի է` փողոց անվանակոչել:

Աբաջյանի անունով ստեղծվելիք խոսքարվեստի դպրոցի նպատակն է մատաղ սերնդին փոխանցել գեղեցիկ խոսելու, արտահայտվելու, մայրենի լեզվին լավագույնս տիրապետելու գաղտնիքները: «Ամենակարևորն այն է, որ խոսքարվեստի դպրոցը չի լինելու ասմունքի խմբակ, այլ կրթական լուրջ հաստատություն»,- ընդգծեց մեր զրուցակիցը` հավելելով, որ դպրոցում դասավանդելու են պրոֆեսիոնալ մասնագետներ:

Նշենք, որ «Զարթոնք» համերգային ընկերությունը տարիներ շարունակ հայ հանրությանն է ներկայացրել մեր լավագույն ու արդեն դասական դարձած բանաստեղծների գործերը, որոնք հաճույքով ունկնդրում են թե՛ ավագ, թե՛ մատաղ սերնդի ներկայացուցիչները:

Անդրանիկ Մանուկյանը «Զարթոնք» գրական ընկերության գործունեությունն ու լեփ-լեցուն դահլիճները մատնացույց անելով`ուրախությամբ նշում է. չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին, հայ հասարակությունը շարունակում է ապրել ու շնչել արվեստով: Միակ խնդիրը, որը մտահոգում է «Զարթոնք»-ի ղեկավարին, ասմունքի ասպարեզում սերնդափոխության խնդիրն է. երիտասարդ ասմունքողներ քիչ ունենք: «Սարգիս Նաջարյանի հետ որոշել ենք այս տարի անցկացնել Վլադիմիր Աբաջյանի անվան փառատոն: Դրա շնորհիվ կբացահայտենք նոր երիտասարդ անուններ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Սոնա Դավթյան




Լրահոս