Արմավիրի մարզում բնակվող ազգությամբ եզդի 35-ամյա Էդիկ Մուրադյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի Էջմիածնի նստավայրում, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, կայացրած վճռով տուգանվեց 50 հազար դրամով այն բանի համար, որ ծեծել է իր կնոջը՝ Հերմինա Սադոյանին:
Այսպես, Armlur.am-ը տեղեկանում է, որ 15 տարվա համատեղ կյանքի ընթացքում Էդիկ Մուրադյանն ու Հերմինա Սադոյանը 2 որդի են ունեցել: Բայց 3 տարի առաջ նրանց հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ կինը սկսել է խանդել ամուսնուն ու կասկածել, որ նա սիրուհի ունի: Եվ պարզվում է` ոչ առանց հիմքի:
Էդիկն, իրոք, պատահական ծանոթացել է ինչ-որ կնոջ հետ, և նրանց միջև փոխադարձ զգացմունքներ են առաջացել: Կինն էլ, ամուսնուն չներելով, վերցրել է երեխաներին ու գնացել հայրական տուն:
Շուրջ 1,5 տարի անց ամուսինը ծնողների հետ եկել է կնոջ հետ հաշտվելու և նրան երեխաների հետ վերադարձրել տուն: Բայց մի քանի ամիս անց խանդը դարձյալ բույն է դրել կնոջ սրտում:
Կասկածելով, որ ամուսինը սիրուհու հետ ամբողջ օրն անց է կացնում ֆերմայում, որտեղ անասնապահությամբ է զբաղվում, կինը` ամուսնու հարազատների ուղեկցությամբ, օրերից մի օր գալիս է ֆերմա և ամուսնուն դարձյալ մեղադրում դավաճանության մեջ` պահանջելով թաքստոցից հանել սիրուհուն: Չհավատալով ամուսնու հավաստիացումներին՝ կինն ամբողջ ֆերման տակնուվրա է անում, բայց այդպես էլ ոչ մի թաքնված կնոջ չի գտնում: Այդ ժամանակ նա հայտարարում է, որ ամուսնու սիրուհին թաքնվում է բանալիով փակված սենյակում և պահանջում է բացել սենյակի դուռը:
Ամուսինը վստահեցնում է, որ չի կարող բացել, քանի որ բանալին ֆերմայի սեփականատիրոջ մոտ է, իսկ կինը հայտարարում է, որ ինքը չի հեռանա, մինչև դուռը չբացի ու սիրուհուն այնտեղից դուրս չհանի:
Զայրացած ամուսինն ապտակում է կնոջը: Այստեղ արդեն նրանց վեճին միջամտում են հարազատները և Էդիկին մի կողմ տանում, բայց կինը շարունակում է վիճել նրա հետ: Դրանից հետո ամուսինն արդեն ձեռքին գտնվող բանալիներով է հարվածում կնոջ գլխին, ինչի համար էլ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածի չափանիշներով (ծեծ):
Էդիկ Խդրի Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «Ստորագրություն չհեռանալու մասին», դատարանը թողեց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Քրեական գործով իրեղեն ապացույցներ, դատական ծախսեր չկան, տուժող Հ. Սադոյանը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել, այդպիսիք համարել լուծված։
Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ Քրեական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։