ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ «ՏԵՂՆ Է ԴՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009թ. մայիսի 8-ին ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հատուկ այցելություն է կատարել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ ու նրա հետ քննարկել երկրում տեղի ունեցող գործընթացները: Դեսպանի այցելության վերաբերյալ Պետդեպին ուղարկված հաղորդումը գտնվում է «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթերի շարքում: Այստեղ քննարկվում են ընտրական գործընթացները, նախկին նախագահի եւ ԱՄՆ-ի վերաբերմունքը դրանց հանդեպ: Զրույցի ընթացքում Քոչարյանը քանիցս մեղադրել է ամերիկացիներին ընտրություններին միջամտելու համար՝ արտահայտելով իր դժգոհությունն արտաքին ճնշումների առթիվ:

Պատասխանելով Մ. Յովանովիչի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Քոչարյանը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, վերջինս նկատել է, թե դիվանագիտական շրջանակներն իզուր են փորձում քաղաքականացնել այդ ընտրությունները: Նկատենք, որ փաստաթղթի ընթերցումից այն տպավորությունն է առաջանում, թե Քոչարյանի համար ավագանու ընտրությունները քաղաքական գործընթաց չեն, եւ դրանց շուրջ քննարկումներ ունենալն անհարկի երեւույթների շարքում է: Քոչարյանը հատուկ ընդգծել է, որ դիվանագիտական ներկայացուցիչները մշտապես օգտագործել են ընտրությունները Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար. «Դա այդպես էր իմ նախագահության օրոք»: Այդպիսով՝ Քոչարյանը փաստացիորեն ընդունել է, որ իր նախագահության շրջանում Հայաստանը ենթարկվել է միջազգային ճնշումների հատկապես ընտրությունների պատճառով: ՀՀ «ամենաերիտասարդ թոշակառուն», փոխանակ փորձի հասկանալ, որ խնդիրն ընտրությունների կեղծված լինելն է, դեռ մի բան էլ քննադատում է միջազգային դերակատարներին՝ ընտրությունների շուրջ քաղաքական գնահատական հնչեցնելու համար:
Նախկին դեսպանը հանգամանորեն պատասխանել է Քոչարյանի քննադատությանը՝ բացատրելով, որ իրենք չեն միջամտել Հայաստանի որեւէ ընտրության, այդ թվում եւ՝ ավագանու ընտրություններին: Նա հիշեցրել է, որ անհնար է ՀՀ-ի բնակչության կեսին վերաբերվող ընտրություններն անուշադրության մատնել եւ դրանց շուրջ քննարկումներ չանցկացնել: Այդուհանդերձ, Քոչարյանը շարունակել է դժգոհել. «Մեզ նման փոքր երկրների խնդիրն այն է, որ նրանք ենթարկվում են դրսից եկող ճնշումներին՝ թե՛ Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից, թե՛ Բրյուսելից: Դուք մեկնաբանում եք մեր ընտրություններն այնպես, ինչպես հարիր է ձեր հետաքրքրություններին ու շահերին: Դուք քաջալերում եք մեր ընդդիմությանն այնպես քաղաքականացնել մեր ընտրությունները, որ նրանք դառնում են դրսի խաղացողների համար գործիք՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցում»: Չկաշկանդվելով դիվանագիտական էթիկայով` Քոչարյանը կոպտորեն ավելացրել է. «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ԱՄՆ դեսպանությունը մեր ամեն ընտրություններին մասնակցում էր որպես առանձին կուսակցություն»:
Նախկին նախագահը հիշատակել է նաեւ միջազգային մյուս խաղացողներին. «Ընտրությունների ժամանակ ամենավատը բրիտանացիներն են՝ իրենց իմպերիալիստական պատմությամբ հանդերձ, հետո՝ ամերիկացիները, ապա՝ ֆրանսիացիները: Ընդդիմությունն օգտագործում է ձեզ բոլորիդ, ինչն ավելի է բարդացնում ընտրական գործընթացը»: Քոչարյանը սույն զրույցի ժամանակ, փաստորեն, քանիցս հակասում է իրեն՝ մե՛րթ ընդդիմությանը մեղադրելով արտասահմանցիներին շահագործելու, մե՛րթ վերջիններիս մեղադրելով առաջիններին օգտագործելու մեջ:
Ինչեւէ. ասվածի կապակցությամբ Յովանովիչը խստագույնս արտահայտել է իր անհամաձայնությունը՝ պնդելով, որ ԱՄՆ-ը որեւէ ընտրության ժամանակ կողմնակալություն չի արել ու ոչ մեկի կողմը չի կանգնել: Նա կրկնել է. «ԱՄՆ-ը հետեւելու է ընտրությունների ընթացքին եւ հանրաձայնելու է իր կարծիքն ու վերաբերմունքը տիրող գործընթացների կապակցությամբ»: Մ. Յովանովիչը հետաքրքրվել է, թե արդյոք Քոչարյանն անմասն է մնալու 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից եւ չի խառնվելու դրանց: Քոչարյանը բացառել է իր մասնակցությունը՝ հավելելով, թե վստահ է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հաղթանակի վրա: Ապա ավելացրել է. «Եթե ես տեսնեի, որ նրանք պարտվում են, ապա անպայման իմ մասնակցությունը կունենայի գործընթացին»: Անշուշտ, հայ հանրությունը Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում քանիցս գործնականում համոզվել է, թե ինչպիսի մասնակցություն է ունենում նա, երբ իր «սիրելիները» պարտվում են:
Ռ. Քոչարյանը, դիվանագիտական ներկայացուցիչներից բողոքելուն զուգահեռ, դժգոհել է նաեւ կոալիցիոն ուժերից (2009թ. մայիսի դրությամբ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ-հեղ.) այն բանի համար, որ նրանք միասնական չեն մտել ընտրական գործընթացի մեջ. «Ես կնախընտրեի, որ նրանք ընտրություններին գնային միասին, սատարեին մեկ միասնական թեկնածուի՝ ներկայացնելով ամբողջական կոալիցիան»: Քոչարյանն իր դժգոհությունն է հայտնել նաեւ ՀՀԿ-ի ընտրացուցակի վերաբերյալ՝ հատկապես քննադատելով Ս. Սարգսյանի ընտրությունը Գագիկ Բեգլարյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցում: «Երիտասարդ թոշակառուն» վստահեցրել է դեսպանին, որ թեպետ ընդդիմությունը քաղաքականացնում է ընտրությունները, բայց եւ այնպես, 2008թ. մարտի մեկի կրկնությունն ուղղակի բացառվում է: Ստացվում է, որ Քոչարյանի համար մարտի մեկի ողբերգությունն իսկական քաղաքական գործընթաց էր, երբ առկա էր իշխանությունը կորցնելու իրական վտանգ: Մինչդեռ վերջինի բացակայության պարագայում անզեն ցուցարարներին գնդակահարելու անհրաժեշտությունը վերացել էր:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս