9 ՄԱՆԴԱՏ` ՓԵՍԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց քաղաքական դաշտի երիտասարդացման անհրաժեշտության մասին, ոմանք դա ընդունեցին որպես նրա փեսայի` Միքայել Մինասյանի դերակատարության մեծացման հեռանկար, քանզի ինչպես հայտնի է, այս տարիների ընթացքում նա  ձեւավորել  է օտարերկրյա կրթություն  ստացած ամբիցիոզ երիտասարդների լուրջ թիմ` ի դեմս ՄԻԱԿ-ի ու մի քանի Հ/Կ անդամների: Եւ քանի որ  քաղաքական  դաշտում Մ. Մինասյանի առանց այդ էլ չափից դուրս մեծ դերակատարությունը շատերի մոտ բուռն դժգոհություն էր առաջացնում, քաղաքական կուսակցությունները շտապեցին Մինասյանի ձեռքից մասամբ վերցնել երիտասարդ կադրերի առաջնորդությունը` նրա ձեւավորած թիմի անդամներից ոմանց գրավելով իրենց կողմը, ինչպես նաեւ առաջ քաշելով սեփական արտադրության երիտկարիերիստների: Ու թերեւս շատերի համար անակնկալ էր, որ  Մինասյանի ստեղծած ՄԻԱԿ-ը որոշեց ընտրություններին չմասնակցել` բավարարվելով ՀՀԿ միջոցով ընդամենը 3 մանդատի ակնկալությամբ, որից մեկն էլ` Սամվել Ֆարմանյանի դեպքում, բավական ստորացուցիչ` կուսակցափոխության գնով: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ՀՀԿ ցուցակում բացակայում է հենց իր` Միքայել Մինասյանի անունը: Դա փորձ արվեց ներկայացնել իբրեւ վերջինիս դժգոհության արտահայտություն` կապված Գագիկ Բեգլարյանի` ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում հայտնվելու հետ: Իրականում, սակայն, դա ընդամենը Մինասյանի հերթական մարտավարական քայլն է, որն անխոս, համաձայնեցված է շախմատիստ աներ հայրիկի հետ: Բանն այն է, որ ԲՀԿ-ի հետ սպասվող լարված մրցապայքարում ՀՀԿ-ն իրեն չի կարող Բեգլարյանի եւ Կարեն Կարապետյանի հսկայական ռեսուրսներից հրաժարվելու շռայլություն թույլ տալ: Հետեւաբար, խաղարկվում է Մինասյանի փսեւդոնեղացածության ու դերակատարության նվազման սցենարը: Մինչդեռ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է. Միքայել Մինասյանն իր մարդկանց է տեղավորել  գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցություններում` այդպիսով ականապատելով ողջ քաղաքական դաշտը: Այսպես. ՀՀԿ կազմում Մինասյանի մարդկանցից ընդգրկված են ՄԻԱԿ-ական Լեւոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը եւ Սամվել Ֆարմանյանը: ԲՀԿ-ում Մինասյանը գործուղել է Տիգրան Ուրիխանյանին եւ նախկին ՄԻԱԿ-ական Վահան Բաբայանին: ՕԵԿ-ում հանգրվանել է ՄԻԱԿ-ամերձ Դիանա Նիազյանը, ում ազգանունն անգամ Արթուր Բաղդասարյանը չգիտեր եւ ներկայացնելիս սխալ կարդաց: ՀՅԴ-ում Մինասյանի շահերը կպաշտպանի Կարեն Շախմուրադյանը («Արմենիա Լադա»-ի տնօրենը), դե իսկ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» «դաշինքում» ներգրավված Թեւան Պողոսյանի մտերմությունը փեսայի հետ հայտնի է բոլորին: Չմոռանանք ավելացնել նաեւ մեծամասնականով Գյումրիում առաջադրված Արման Սահակյանին: Այսպիսով` ստացվում է, որ փեսայի դիրքերը ոչ միայն չեն թուլացել, այլեւ հակառակը` նա` որպես  հեռատես գործիչ, իր ձվերը տեղադրել է տարբեր զամբյուղներում, որպեսզի երբ ժամանակը գա, կարողանա ոչ միայն վերահսկել, այլ նաեւ անհրաժեշտության դեպքում ներսից կազմաքանդել ողջ քաղաքական դաշտը:




Լրահոս