Սպանության և գողության մեջ կասկածվողն անհետացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանում  «Արիչոկ»մականունով հայտնի Արա Հախվերդյանի սպանության համար 7-ամսյա կալանքից հետո քրգործի վարույթը կարճվելու հիմքով ազատված 25-ամյա Արեն Հարությունյանը, ով հիմա էլ բնակարանային գողության փորձի մեջ է կասկածվում, հուլիսի 4-ից անհետ կորել է: Հարազատներն այդ մասին հայտարարություն են տվել ոստիկանության Ստեփանավանի բաժնում, բայց նրանց խոսքով՝ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում Հարությունյանի անհետացման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արեն Հարությունյանից մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա, չեն վերծանվում նույնիսկ դեպքի օրը նրա կողմից կատարված հեռախոսազանգերը, որոնք կարող են օգնել նրա հայտնաբերմանը: Հարազատների պատմելով՝ անհետանալու գիշերը՝ ժամը 11.15-ի սահմաններում, Արեն Հարությունյանն ընկերոջ՝ Գառնիկ Բաղդասարյանի հետ դուրս է եկել տնից եւ գնացել Աշոտաբերդ թաղամաս, որտեղ ընկերն է բնակվում: Վանաձորից Ստեփանավան վերադարձող Արեն Հարությունյանի եղբայրը՝ Համլետ Հարությունյանը, հեռախոսով նրա հետ պայմանավորվել է հանդիպել Ստեփանավանում, բայց այնուհետեւ հեռախոսը, որ Արենի ընկերոջնն է եղել (Արենը հեռախոս չունի), անհասանելի է դարձել:

Արենի եղբորը միայն գիշերը 1.30-ի սահմաններում է հաջողվել կապ հաստատել նրա ընկերոջ հետ, եւ վերջինս պատմել է, թե իբր Աշոտաբերդի ճանապարհին Արենն իրենից վերցրել է հեռախոսը եւ ինչ-որ մեկին զանգելով՝ խոսելով առաջ է անցել, որից հետո ինքը կորցրել է նրան:

Ընկերոջ խոսքով` Արենը միայն գիշերն է հետ եկել ու հեռախոսը վերադարձնելով՝ ասել է, թե տղաների հետ է, ապա նստել է ինչ-որ սպիտակ մեքենա ու գնացել: «Հետո զանգեցի, հեռախոսի տերը վեր կալավ, ասի՝ այ ախպեր, էս ուր կորաք, ասում եք՝ արի ճամփեն, զանգի, զանգում եմ՝ չեք վերցնում: Ասում ա` Արենին կորցրել էի, հետո գիշերը եկավ, մի հատ ավտոյով էր, հեռախոսը տվեց ինձ ու գնաց, սպիտակ ավտո էր: Ասում եմ՝ ովքեր էին, ասում ա՝ դե ուշադրություն չեմ դարձրել, բայց իրանց շենքերը լուսավոր են, հնարավոր չի՝ ինքը չտեսնի՝ ինչ ավտո ա, ով ա: Կամ էդ ընկերոջը վախացրել են, որ չասի, կամ էլ չերեզ էդ ընկեր ինչ անելու էին, արին: Որպես հավատարիմ՝ երեւի դրա համար հետը գնաց, որովհետեւ գիշերները սպանեին՝ անծանոթ ավտո չէր նստի»,-ասում է Արենի եղբայրը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում անհետ կորածի եղբայրը նշեց, որ Արիչոկի գործով ազատվելուց հետո Արենի նկատմամբ հնարավոր սպառնալիքների, ճնշումների մասին տեղյակ չէ, բայց չի էլ բացառում, որ նրա անհետանալը կապված լինի հենց այդ սպանության հետ՝ որպես վրեժխնդրություն: ՙԱրենը փոքր վախտից դռան ոչ մի բանը չի եկել տանն ասել, շատ փակ էր, էս հարցով էլ չէր ընդարձակվի, որ ասի՝ ինձ վախացրին, ինձ սենց, ինձ նենց: Նաղդը փաստ ա, որ առեւանգին, տո լի սպանին, եսիմ ինչ արին: Ես հըմիկ ամեն ինչ էլ մտածում եմ, սաղի վրա էլ մտածում եմ, նաեւ, որ մլիցեքի ձեռով ա անհետացել, սաղի վրա եմ ես կասկածում: Բայց որ իրա հետի տղեն ամեն ինչ գիտի, 100 տոկոս ա»,-ասում է Համլետ Հարությունյանը:

Արեն Հարությունյանի մայրը՝ Սուսաննա Պապյանն էլ ավելացնում է. «Էդ տղեն՝ ընկերը, ասում ա՝ տրասում իրան կորցրեցի, ասում եմ՝ օքսիդացա՞վ, բա լավ, քո ընկերն ա, կճվայիր կամ մի բան. սրա մեջ շատ բան կա: Ասում ա՝ ես ծխում էի բալկոնի առաջին, բերեց հեռախոսը տվեց, գնաց, ո՞ւմ հետ գնաց, ո՞նց գնաց, բա՝ չտեսա: Էդ գնալն ա, մինչեւ էսօր թե գալ տի»: Մայրն ավելի հակված է կարծելու, որ որդու անհետացումը հենց Արիչոկի սպանության հետ է կապված: «Արիչոկի թաղման օրը ինձ խաբար բերին, որ իբր ընկերները խոստացել են՝ մենք իրա (Արենի՝ հեղ.) արյունը քո գերեզմանին կբերենք: Ասում եմ՝ կարող ա բռնին տարան մի տեղ, մորթին, սպանին, եսիմ ինչ արին»:

Հիշեցնենք, որ Արա Հախվերդյանի՝ Արիչոկի սպանության մեջ մեղադրվող Արեն Հարությունյանի վերաբերյալ Լոռու դատախազությունը որոշում էր կայացրել, որ նա գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, եւ այս հիմքով քրեական գործի վարույթը կարճվել էր, ու Արեն Հարությունյանն ազատ էր արձակվել կալանքից: Նրան առնչվող մյուս՝ գողության գործով էլ հենց իր հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քննություն է կատարվում` ոստիկանների կողմից բռնության փաստի վերաբերյալ:

Ադրինե Թորոսյան




Լրահոս