ՔԿՀ պետերը վախենում են փոխոստիկանապետերից. դատապարտյալը դիմում է Ս. Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը հերթական բաց նամակն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն Նախագահ,

Ձեզ եմ դիմում այդպես էլ լուծում չստացած խնդրի համար: Հարցը պայմանական վաղաժամկետ ազատման համար ստեղծված անկախ հանձնաժողովի մասին է: Այն պատվեր կատարող կամայական կառույց է, որը բացասական է անդրադառնում թե՛ դատապարտյալների, թե՛ նրանց ընտանիքների վրա:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերը վախենում են դատապարտյալներին միջնորդագրերով ներկայացնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պատժի չկրած մասը ավելի մեծ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին:

Վախենում են, քանի որ կարծում են, որ խնդիրներ կունենան փոխոստիկանապետերի հետ, ովքեր էլ հանդիսանում են անկախ հանձնաժողովի նախագահները: Վերջիններիս թվում են փոխոստիկանապետ, ՀՀ Քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, Հունան Պողոսյանն ու ԱԱԾ Քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը:

Մեծարգո Սերժ Ազատի,

բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանն այս պահին գտնվում է բավական լուրջ աշխարհաքաղաքական խաղի կիզակետում, և աշխարհում տիրող իրավիճակը, որը հստակ կարելի է անվանել համաշխարհային երրորդ պատերազմն, անհերքելի է, որ վատ կանդրադառնա նաև մեզ վրա: Առավել ևս մեր պետության այսչափ խոցելի պետականության ծայրաստիճան թուլացման պարագայում, այն էլ ղարաբաղյան հակամարտության և Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունների պայմաններում:

Եվ արդեն ակնհայտ է` տարբեր գերտերություններ, որոնք ձգտել են ուկրաինական սցենարը կրկնել նաև մեզ մոտ, տնտեսական, քաղաքական և տարածքային գրգռված ախորժակ ունեն: Եվ բավական է հասարակակն լուրջ խմորումներ լինեն, և Հայաստանն Արցախի հետ միասին կգտնվի գրեթե նույն վիճակում, ինչ Ուկրաինան:

ԱՄՆ-ում և ՌԴ-ում գործող տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ֆինանսավորել ու ողջ հայաստանյան իշխանությունները ձեզ մատուցել որպես ԱԱԾ գործակալներ: Անշուշտ, դա այսօրվա ոչ լեգիտիմ ղեկավարության և ոչ միայն այսօրվա, այլև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, դրսում հայաստանյան դեսպաններ հանդիսացող ուժերն են, ովքեր սրտացավ են Հայաստանի խնդիրների համար:

Նրանք հանուն իրենց դիրքի պատրաստ են սպասարկել կամ ՌԴ-ի, կամ ԱՄՆ-ի շահերը: Նման օրինախախտ պատվերներ կատարող պաշտոնյաները չեն մտածում պատժի կրման ավարտին մի քանի ամիս մնացած կամ գրեթե ողջ պատիժը կրած դատապարտյալներին տալ վաղաժամկետ ազատման հնարավորություն, որպեսզի տվյալ դատապարտյալներն էլ մեծ սիրով բարձրանան առաջին գիծ և պաշտպանեն մեր հայրենիքը հանուն մեր մայրերի, կանանց ու երեխաների հանգիստ քնի:

Այս տարիների ընթացքում ամեն օր ու ժամ մեր հոգեբանության մեջ ներարկել են, որ մենք չենք կարող ապրել առանց որևէ գերտերության օժանդակության: Մեր ուղեղների մեջ ամեն օր ներարկել են, որ աշխարհը հրեաներինն է և ղեկավարվում է ջհուդների կողմից:

Անկեղծ ասած, ես շատ դրական վերաբերմունք ունեմ հրեաների նկատմամբ, քանզի ունենալով նույն մեր ճակատագիրը՝ կարողացան հաղթել, իսկ մենք, տուրք տալով տարիներ շարունակ մեզ ներարկած այս թյուրիմացությանը, դեռ վախենում ենք համարձակ քայլեր անել և կերտել լիարժեք անկախ պետություն:

Եվ այսօր, երբ մեր ազգային ռեսուրսները վաճառված են գերտերություններին, իմ այս միտքը անիրական է թվում, սակայն միևնույն ժամանակ տխմարություն է հավատալ, որ գերտերությունները ՀՀ-ում և ԼՂՀ-ում պաշտպանելու են մեր շահերը:

Այսօր հարկավոր է առավել քան զգոն գտնվել և չտրվել այն հոսանքներին ու չընկնել այն մարդկանց խելքին, ովքեր իրենց շահերի համար մեզ մղում են հակառուսական դրսևորումների:

Հարգարժան պարոն նախագահ,

մեր ազգի սուրբ պարտականությունն է ամուր պաշտպանել միայն մեր ազգային շահերը, որպեսզի նորմալ և կայուն հարաբերություններ պահպանվեն թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ: Եվ ամեն ինչ կախված է մեզանից և այն բանից, թե որքանով հայերը համարձակություն կդրսևորեն ապագայում:

Դիմում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի վերացվի անկախ հանձնաժողով կոչվող կառույցը, և դատապարտյալներին տրվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն, ինչը հասանելի է օրենքով:

Խնդրում եմ Ձեզ միջնորդությունս բավարարել և դատապարտյալներին չմեկուսացնել հասարակությունից և տալ ազատման հնարավորություն:

«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյան»




Լրահոս