ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԵՐԿՈՒ ԲԱԺՆՈՒՄ»

2012 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Վիեննայում կայացած «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթին: Վանաձորցի Նարեկ Կազազյանը, եզրափակչում ներկայացնելով Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը, զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը: Մրցույթին մասնակցող 14 երկրներից եզրափակիչ էին անցել Հայաստանը, Բելառուսը, Ավստրիան, Չեխիան, Գերմանիան, Նորվեգիան եւ Լեհաստանը: Առաջին տեղը զբաղեցրեց Նորվեգիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդը` Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը` հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին:
Երեք տեղերն էլ մրցանակային էին, եւ Նարեկ Կազազյանին տվեցին Վիեննայի միջազգային երաժշտական դպրոցում master class-ի հնարավորություն` քանոնի մասնագետի մոտ: Նա ստացել էր նաեւ ժյուրիի անդամներից մեկի նվագախմբի հետ նվագելու հնարավորություն, ինչպես նաեւ 2000 եվրոյի չափով մրցանակ: Իսկ ի՞նչ է անում այսօր շատերին իր գերազանց կատարումով հիացրած պատանի երաժիշտը։
-Հանրապետությունում համերգներ եմ տալիս, շուտով Շվեյցարիա եմ գնալու համերգի։ Մրցույթներ եմ փնտրում, հրավերներ եմ ստանում եւ հարմար լինելու դեպքում գնում եմ։ Օրինակ՝ անցյալ տարի գնացի ԱՄՆ, ապա` Անգլիա։ Հենց հիմա էլ ԱՄՆ-ից ամռանը մեկ ամսով սովորելու հրավեր եմ ստացել, բայց քանի որ նախնական բավականին մուծումներ պետք է արվեն, դժվար թե գնամ։ Մի քանի օր առաջ էլ Սոնա Շահգելդյանը հրավիրեց, որ նվագեմ իր տեսահոլովակի մեջ, բայց մեր գալը չհարմարվեց։
-Ասացիք, որ Շվեյցարիա եք մեկնելու համերգի։ Մի քիչ կմանրամասնե՞ք։
-Շվեյցարիայում մարտի 17-25-ը երեքով ենք մասնակցելու համերգի։ Մեկը հենց Շվեյցարիայի քաղաքացի է, հայ աղջիկ է՝ դաշնակահարուհի, մյուսը Գեւորգ Դաբաղյանի ասիստենտն է։ Իսկ իմ պրոդյուսերը Երեւանից Մարիամ Շահինյանն է, նման խնդիրներով ինքն է զբաղվում։ Լեհաստանից էլ հրավեր ստացա, ամեն ինչ պատրաստ էր, որ պիտի գնայի, բայց…
-Որքան գիտեմ, եղբայր ունեք, նա է՞լ է երաժիշտ։
-Ո՛չ, նա սովորում է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կառավարում բաժնում՝ պետպատվերով, նաեւ շատ լավ ֆուտբոլիստ է, Վանաձորի մինի ֆուտբոլի հավաքականում է խաղում։
-Երաժշտության նկատմամբ սերն ումի՞ց եք ժառանգել։
-Պապիկս մեր մշակույթի տան գեղարվեստական մասի ղեկավարն է։ Մայրս ավարտել է քանոնի բաժինը, հորաքույրս՝ դաշնամուրի։
-Իսկ հիմա որտե՞ղ եք սովորում։
-Սովորում եմ Վանաձորի երաժշտական քոլեջում՝ ե՛ւ քանոնի, ե՛ւ դաշնամուրի բաժնում։ «Եվրատեսիլ»-ից հետո մեր կրթության եւ գիտության նախարարը թույլ տվեց, որ միաժամանակ երկու բաժնում սովորեմ։ Իհարկե, շատ դժվար է, դրա համար էլ արդեն մտածում եմ՝ հետո ինչ եմ անելու, որտեղ եմ սովորելու: Չեմ կողմնորոշվում` կոնսերվատորիայի որ բաժինը հանձնեմ գործերս՝ դաշնամուրային, քանոնի, թե այլ բաժին։ Ու նաեւ չեմ որոշել՝ Հայաստանում եմ շարունակելու ուսումս, թե արտասահմանում։ Մի խոսքով՝ փնտրտուքների մեջ եմ, ավելի շատ դեռ սովորում, աշխատում եմ ինձ վրա, ավելի շատ գիտելիքներ եմ փորձում ստանալ։ Իսկ մենք լավ դասախոսներ ունենք, որոնցից շատ բան կարելի է սովորել։
Հ.Գ. Նշենք նաեւ, որ Նարեկ Կազազյանը 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է «Ծագող աստղեր» փառատոնին եւ դիպլոմ ստացել ՌԴ առաջին տիկնոջ կողմից: 2010թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել է «Պատանի վիրտուոզ» հատուկ մրցանակին, նաեւ երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է:

 

 

 

 
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ

«Ժողովուրդ»-ը մշտապես անդրադառնում է հայ մշակույթի մեծերի հոբելյաններին, ուստի պատահական չէր, որ թերթի ընթերցողներից մեկը զանգահարել էր խմբագրություն եւ ցանկանում էր տեղեկանալ՝ նշվելո՞ւ է Համո Սահյանի 100-ամյակը։ Հիշեցնենք, որ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Լոր գյուղում։

Ընթերցողին հետաքրքրող հարցի պատասխանն իմանալու համար դիմեցինք «Հայաստանի գրողների միավորում» հասարակական կազմակերպություն։ ՀԳՄ մշակույթի բաժնի աշխատակցուհի Կարինե Մեսրոպյանը մասնավորապես ասաց, որ իրենք այդ հարցով արդեն մեկ անգամ դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, սակայն փետրվարի կեսերին կրկին կդիմեն. «Այս պահի դրությամբ դեռեւս ճշգրտած որեւէ բան չկա, մենք երեւի դա կիմանանք մինչեւ մարտի կեսերը, գուցե ավելի շուտ»։
Մենք ցանկացանք իմանալ՝ հոբելյանը նշվելու է կառավարակա՞ն մակարդակով. «Իհարկե։ Ինչի մասին մենք հիմա խոսում ենք, վերաբերում է կառավարական մակարդակով Համո Սահյանի 100-ամյակը նշելուն։ Այսինքն՝ ավելի ստույգ պայմանավորվելու ենք, թե միջոցառումը երբ ենք անելու, Սիսիան երբ ենք գնալու… Հենց ապրիլի 14-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը, նրա հայրենի գյուղում տուն-թանգարանի բացումն է նախատեսված։ Բայց թե ինչպես պետք է դա արվի, դեռեւս որոշակիորեն ասել չեմ կարող»։
Դե ինչ, կսպասենք մինչեւ մարտի կեսերը։ Սակայն մեզ մեկ այլ հարց էլ էր հետաքրքրում։ Այս տարի` հունվարի 20-ին, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 95-ամյակն էր, հունվարի 24-ին՝ Պարույր Սեւակի 90-ամյակը։ ՀԳՄ-ն որեւէ կերպ անդրադառնալո՞ւ է այդ հոբելյաններին։ Մեր զրուցակիցը նշեց. «Հոբելյանական են համարվում 75, 100-ամյակները, այսինքն՝ 25 տարվա պարբերականությամբ։ Սիլվա Կապուտիկյանի 95-ամյակը նշվել է նրա տուն-թանգարանում, Իսահակյանի անվան գրադարանում, Պարույր Սեւակի 90-ամյակը նրա հայրենի գյուղում՝ Զանգակատանն են նշել։ Հենց հունվարի 24-ին՝ գրողի ծննդյան օրը, ե՛ւ տուն-թանգարանում, ե՛ւ դպրոցում եղել է միջոցառում, որին մասնակցել է նաեւ ՀԳՄ նախագահը։ Ինչ վերաբերում է մեզ մոտ նշելուն, ապա ՀԳՄ դահլիճը շատ ցուրտ է, հնարավոր չէ միջոցառում կազմակերպել, եւ գարնանը, հավանաբար, Սեւակի 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն կանցկացնենք։ Այդ ամենի մասին հայտարարությունները տպագրվում են «Գրական թերթ»-ում։ Այս տարի նաեւ Սերգեյ Սարինյանի 90-ամյակն է, ու դա էլ ենք նշելու՝ չնայած, ինչպես ասացի, 90-ը հոբելյանական տարեթիվ չէ»։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Դեկտեմբերին՝ Միացյալ Նահանգներ կատարած ուղեւորության ժամանակ, երգչուհի Արմինկան նկարահանվել է իր նոր՝ «Որ լինի հեքիաթ» երգի տեսահոլովակում: Պրեմիերան ցուցադրվելու է փետրվարի 13-ին: Նոր երգի երաժշտությունը գրել է Արման Ղազարյանը, իսկ խոսքերի հեղինակը Սրբուհի Ստամբոլցյանն է: Տեսահոլովակում Արմինկան կրում է դիզայներ Մանուկ Ալեքսանյանի հեղինակած սեւ զգեստը: «Շատ գեղեցիկ տարածք ենք ընտրել. կադրերում կտեսնեք օվկիանոս, ժայռեր, երկինք, արեւ եւ ինձ: Կարծում եմ՝ երգի բովանդակությանը համահունչ տեսահոլովակ ենք ստացել»,- նշել է Արմինկան:

 

ՍԻՊԻԼԻ ՆՈՐ «ՍԵՐ»-Ը

Ստամբուլահայ սիրված երգչուհի Սիպիլ Փեքթորոսօղլուն փետրվարի 11-ին կներկայացնի իր նոր՝ «Սեր» ձայնասկավառակը: Սա երգչուհու երկրորդ ալբոմն է, որում ընդգրկվել է 12 երգ: Ավելացնենք, որ նա համագործակցել է Ջիվան Գասպարյանի, Արա Գեւորգյանի, Անդրեի, «Արեւներ»-ի, Ավետ Բարսեղյանի, Արթուր Սաֆարյանի, Զարուհի Բաբայանի, Արսեն Սաֆարյանի, Արսեն Գրիգորյանի, Ալլա Լեւոնյանի, Էրիկի, Սոֆի Մխեյանի, Հասմիկ Կարապետյանի, Մհերի եւ այլ հայտնիների հետ:

 

ՄԱՆԿՈՒՑ ՍԻՐԵԼ Է

Ամերիկյան հայտնի սերիալի՝ «Սանտա Բարբարա»-ի հերոսներից Լայոնել Լոքրիջի դերակատար Նիկոլաս Կոստերի անձնական կյանքը եւս սերիալ է հիշեցնում: 79-ամյա դերասանն ամուսնացել է ռուս երկրպագուի՝ 36-ամյա Ելենա Բորոդուլինայի հետ: Զույգը ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով, առաջին անգամ հանդիպել երկու տարի առաջ Մոսկվայում, հետո Ելենան մեկնել է ԱՄՆ, իսկ Նիկոլասն էլ բաժանվել է կնոջից՝ Բեթ Պանթելից: Ելենան նշում է, որ ամուսնու ֆինանսական վիճակն իրեն չի հետաքրքրում: Նրանք պարզապես սիրում են իրար. «Մանկուց սիրահարված եմ եղել ամուսնուս՝ «Սանտա Բարբարա» սերիալում կերտած կերպարին, իսկ այժմ արդեն սիրում եմ հենց Կոստերին»:




Լրահոս