Հանրային հեռուստաընկերությունում խոշոր խախտումներ չեն հայտնաբերվել: Եղել է բնականոն աշխատանք, և այն մարդիկ, ովքեր պատշաճ չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը, ազատվել են: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Նա վստահեցնում է, որ հեռուստաընկերությունում ուղղակի տեղաշարժեր չեն լինում, և կադրային բոլոր փոփոխությունները հիմնավորված են:
«Միայն զուտ այն մասը, որը զբաղեցնում են մարդիկ, որոնք, նշանակություն չունի, թե քանի տարի են աշխատել այդ տեղում, եթե իրենց առջև դրված խնդիրները չեն կարողանում կատարել, ապա փոխարինվում են: Եթե մենք ուզում ենք փոխել Հանրայինի եթերը, ապա պետք է անենք դա: Դա փոփոխություն է, մենք ևս պետք է փոփոխվենք: Դրանք միայն պրոֆեսիոնալ փոփոխություններ են: Այնտեղ, որտեղ մենք չենք կարողանում զարգացում ստանալ, ստիպված ենք փոփոխություն կատարել», – ասաց Ջաղինյանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն այն կարծիքին է, որ որոշակի օպտիմիզացում է եղել: «Այն աշխատանքը, որ առաջ չորս-հինգ հոգի էին անում, հիմա մեկ մարդն ավելի բարձր աշխատավարձով կարող է անել: Ուղղակի մենք ունեցել ենք այնպիսի մարդիկ, որոնց աշխատանքի կարիքը չենք ունեցել: Այդ ժամանակ մենք պաշտոնական կերպով նրանց ներկայացրել ենք այդ մասին և իրենց աշխատավարձերը վճարել ենք: Այնպես որ, այդպիսի խոշոր խախտումներ չեն եղել», – ընդգծեց նա:
Նշենք, որ վերջին շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե հանրային հեռուստաընկերության շատ աշխատակիցների անհարկի հեռացրել են աշխատանքից: