«Շառլոտ»-ում ծեծկռուքի մեղավորները ֆիննախի աշխատակիցնե՞րն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում: Սեպտեմբերի 30-ին՝ որպես վենդետայի դրսեւորում, Երեւանի Սարալանջ փողոցում կրակոցներ հնչեցին:

«Ժողովուրդ»-ին այս դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բայց մինչ այդ հիշեցնենք, որ վեճն առաջացել էր այն ժամանակ, երբ Ֆինանսների նախարարության հարկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները ակումբի տնօրեն Արսեն Հարությունյանի եղբորը` Արամ Հարությունյանին, որը իր ընկերոջ հետ ակումբում ընթրելիս է եղել, ասել են, թե դուրս արի, որ մենք գալիս ենք: Այստեղ սկսվել էր քաշքշուկ, ծեծ: Արդյունքում հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաները հասել էին իրենց նպատակին. ակումբի տիրոջ եղբորը հանել էին նստած տեղից եւ ընդհանրապես՝ ակումբից: Ծեծի ենթարկված Արամը, դուրս գալով ակումբից, գնացել եւ հավաքել էր իր ընկերներին ու, վերադառնալով ակումբ, մի լավ դաս տվել հարկայինի աշխատակիցներին:

Նշենք, որ հարկային բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին անգամը չէ, որ ակումբներում, ու հատկապես «Շառլոտում», ցինիկ պահվածք են դրսեւորել: Երեւանում շատերն են ծանոթ ՀՀ Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակից Ռոբերտ Կայֆաջյանի, Կենտրոնի հարկային տեսչության պետ, «Մետելիցա» ռեստորանի սեփականատեր Կարեն Կարապետյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի, աներորդու, ՖՆ մաքսանենգության վարչության աշխատակից, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ ալրաղացի Լյովիկի քրոջ որդու՝ Սուրենի եւ մյուսների լկտի պահվածքին:
Շատ օբյեկտներ մտնելիս նրանք իրենց հետ երաժիշտ են տանում, որ հատուկ իրենց համար նվագի, ակումբի պարուհիներին ստիպում են բացառապես իրենց համար պարել, արհամարհում են քաղաքացիներին եւ այսպես շարունակ:

Եւ երբ «Շառլոտ»-ում նախկին ոստիկան Արամ Հարությունյանի թիմակիցների կողմից ծեծի են ենթարկվել խուլիգանությամբ աչքի ընկած պետական պաշտոնյաները, մաքսայինի Ռոբերտ Կայֆաջյանը սպառնացել է, թե այսպես չի թողնելու եւ վրեժ է լուծելու: Ինչպես երեւում է՝ խոստումը չի ուշացել եւ իրավաբանական տերմինալոգիայով ասած՝ կենցաղային պատճառներով սկսված այս վեճից մեկ ամիս անց «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրեն Արսեն Հարությունյանի եղբոր` Արամ Հարությունյանի որդու վրա անհայտ անձիք կրակեցին: 21-ամյա Լեւոն Հարությունյանը ոտքի շրջանում ստացած հրազենային վերքով տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Թեեւ խոսվում էր, որ Լեւոնին դիպած գնդակների թիկունքում «աղջկա պատմություն» է եղել, այնուամենայնիվ, իրականում այն կարծես թե հենց վրեժի դրսեւորում էր:

Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց դեպքի վայր: Լեւոն Հարությունյանի հարազատները մեզ հետ զրույցում նշեցին, որ կատարվածն աղջկա համար չի եղել: Մեր այն հարցին, թե արդյո՞ք դա օգոստոսի 26-ին «Շառլոտ» ակումբում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, հարազատները դժվարացան պատասխանել՝ ասելով, թե իրավաբանական գնահատական չեն կարող տալ:
Սարալանջի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին վախվորած պատմեցին, որ մեկ շաբաթ շարունակ իրենց փողոցում նկատել են անծանոթ մեքենաներ. «Մեր բակը այնպիսին է, որ այստեղ բոլորս ճանաչում ենք իրար, եւ որեւէ անծանոթ մեքենա կամ մարդ այստեղ չի լինում: Մենք մեկ շաբաթ շարունակ տեսել ենք անծանոթ մեքենա, բայց թե ով էր, ինչ էր, չենք կարող ասել»: Հարեւանները չկարողացան հիշել անծանոթ մեքենայի մակնիշը:

Ըստ հարեւանների՝ Լեւոնի մեքենայի ապակին իջեցված է եղել, եւ կրակողը կամ կրակողները տեսել են, որ մեքենայի ղեկին հենց Լեւոնն է նստած:
Այն, որ այս պատմության մեջ զուգադիպությունները շատ են, փաստ է: Միգուցե իսկապես հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողանում «կուլ տալ» «Շառլոտ» ակումբում տեղի ունեցած ծեծի դեպքը: Հուսանք՝ նոր ձեւավորված Քննչական պետական կոմիտեի եւ ոստիկանության աշխատակիցներն ուշադրությամբ կընթերցեն սույն հրապարակումը՝ հնարավոր վենդետայի դրսեւորումը կանխելու համար:
Հավելենք, որ կրակոցների գործով դեռեւս ձերբակալված չկա:

Քնար Մանուկյան

 




Լրահոս