Շատ օբյեկտների տերերի գիտեմ, ովքեր ատոմակայանից լեվի գիծ են մտնում. Հեղինե Բիշարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիային թանկացման շնորհիվ շուտով շատ ընտանիքներ կանգնելու են փաստի առաջ: Ես շատ օբյեկտների տերերի գիտեմ, ովքեր ատոմակայանից լեվի գիծ են մտնում, բայց նրանց անունները չեմ տա. ի՞նչ եք անելու այս ուղղությամբ:  Ազգային ժողովում այսօր 2015 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանին այս հարցն ուղղեց ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

Ի պատսխան՝ Սիմոնյանն ասաց. «Այդ լեվի կամ փայ մտնելու հետ կապված՝ կխնդրեմ մեկ-երկու հարցեր կոնկրետ ներկայացնեք, փորձենք միասին մեր իրավասությունների շրջանում լուծումներ տալ: Ցավոք, ես նման ձախ գծեր ունեցողներին չեմ ճանաչում»:

Արձագանքելով Սիմոնյանին՝ Բիշարյանը նշեց, որ ողբերգություն է այն, երբ նախարարությունը չի երաշխավորում ատոմակայանի անվտանգ աշխատանքը:

«Եթե դուք մտածում եք, որ ես Ձեզ պետք է գործ տամ որոշ մարդկանց վրա, սխալվում եք: Կառավարությունը, եթե հիմա վիրահատություն կատարի, Ձեզ և Էներգետիկայի նախարարության բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատի և այնտեղ նշանակի այնպիսի պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք կկարողանան գտնել այդ ուղղությունները, ես կհասկանամ, որ կառավարությունը մտահոգված է այս հարցով: Եթե էներգետիկայի նախարարությունը մինչև հիմա անհասկանալի միջոցով չի կարողանում կամ չգիտի ինչպես գտնել այդ՝ լեվի գնացող աղբյուրները, ողբերգություն է: Դրա համար էս օրի ենք»,-ընդգծեց ՕԵԿ-ական պատգամավորը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ցանկացավ միջամտել, բայց Բիշարյանը լռեցրեց. «Պարո՛ն Այվազյան, մի՛ միջամտեք, Ձեր մասին չէ խոսքը»:




Լրահոս