Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ 44 և ավել ձայներով ընդդիմությունն արտահերթ քննարկման են ներկայացրել երկու նախագիծ: Դրանցից մեկը երկրում առաջացած կառավարման ճգմաժամին է վերաբերում, իսկ մյուսը` ընտանեկան օրենսգիրքը փոփոխելուն:
«Ընդդիմության` արտահերթ քննարկման ներկայացրած երկու նախագծերն այդպես էլ չեն քննարկվել»,- հայտարարեց Զուրաբյանը և Գալուստ Սահակյանին մեղադրեց Կառավարության ներկայացրած նախագծերին նախապատվություն տալու և իրենց ներկայացրած հարցի քննարկումից խուսափելու մեջ, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց.
«Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ մենք խուսափեինք նրանից»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը ղեկավարվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով և չի խախտել այն: Նա ընդգծեց, որ արտահերթ կարգով կքննարկվեն թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության ներկայացրած նախագծերը: Լևոն Զուրաբյանը արձագանքելով նշեց.
«Փաստորեն ստացվում է, որ Դուք հետաձգում եք ընդդիմության ներկայացրած նախագծերի քննարկումը, մինչդեռ երկրում իսկապես առաջացել է կառավարման խորը ճգնաժամ: Ժողովրդական մեծ ընդվզում կա, որը վկայում են բազմահազարանոց հանրահավաքները»,- ասաց Զուրաբյանը: