Ձեր հագի կոստյումն արժե մանկավարժի 4 տարվա աշխատավարձը. Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր փոքրիկ ընդհարում տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի միջև:

Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Փաշինյանը նշեց, թե բյուջեի նախագծում ընդամենը երկու անգամ է կոռուպցիայի մասին հիշատակում եղել, այն էլ՝ ստորին օղակների աշխատողների մասին:

«Ձեր կառավարության ներկայացրած փաստաթղթում ընդամենը երկու անգամ կա հիշատակում կոռուպցիայի մասին, և դրանք էլ ցույց են տալիս, որ ձեր կառավարությունը, շարունակաբար կոռուպցիա ասելով, հասկանում է գործադիր իշխանության ստորին հատվածում տեղի ունեցող իրողությունները: Մինչդեռ, Սերժ Սարգսյանը դեռ երկու տարի առաջ ասել էր և հանձնարարել, որ խոշորներին պետք է բռնել», – հայտարարեց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավորն ընդգծեց, թե այս հարցերը չի տալիս նախարարին «նեղելու» համար: «Ցանկանում եմ հասկանալ ձեր զգացողությունները: Դուք այստեղից հայտարարում եք, որ բազային կրթաթոշակը 14 հազարից կդառնա 18 հազար: Ինչպե՞ս ընկալի ձեր ասածը թոշակառուն, երբ սպառողական զամբյուղն արդեն 56 հազար դրամ է և այդ ֆոնին դուք, լինելով պետական պաշտոնյա, հայտարարագրում եք ձեր ունեցվածքը 6 մլն դոլար:

Հիմա դուք խորհրդարանում կանգնած եք, և ձեր հագի կոստյումն արժե մանկավարժի չորս տարվա աշխատավարձը: Ինչպիսի՞ զգացողություններ եք ապրում», – հետաքրքրվեց նա:

Ի պատասխան՝ Գագիկ Խաչատրյանը նշեց. «Ես էլ համոզված եմ, որ ձերն էլ ավելի թանկ կլինի, քան սահմանային համայնքում ապրող որևէ մեկինը: Կոստյումները մոռանանք: Ինչ վերաբերում է իմ հայտարարագրին,  ես որևիցէ խնդիր չունեմ: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ նվազում են այն ռիսկերը, որոնք առկա են համակարգում», – մանրամասնեց Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կոստյումները հանել, տալ լրագրողներին, որպեսզի համապատասխան մասնագետները գնահատեն դրանց արժեքը: Սակայն Գ. Խաչատրյանը նշեց, թե ինքը լրագրողների մոտ «հանվելու»  վարպետ չէ:




Լրահոս