Ադրբեջանը կրկին փորձում է պարտակել սեփական անճարակությունը. ԼՂՀ ՊԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը:

Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ, դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք: Հիշեցման կարգով հավելենք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին:

Դե ինչ, սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է, որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս