ԵՐԲ «ՋԵՐՄՈՒԿ»-Ը ԹԱՆԿ Է ԿԱԹԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ չկան: Մարդկանց հիմնական զբաղմունքը հողագործությունը եւ անասնապահությունն են: Սակայն գյուղացին իր քրտինքով աշխատածը չի կարողանում իրացնել, կանգնում է «կոտրած տաշտակի» առաջ:
Մարզում ստեղծվել են կաթի ընդունման կետեր, սակայն դրանք չեն գործում: Չեն աշխատում, որովհետեւ կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերություններն անասնատերերից կաթն ընդունում են «ջրի գնով»: Ավելի ճիշտ՝ հանքային ջրից էժան գնով. «Ջերմուկ»-ն ավելի թանկ է, քան մարգագետիններում արածող կովերի անարատ կաթը: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանն ասաց, որ Բերդ քաղաքից 10 կմ հեռավորությամբ գտնվող իրենց գյուղում 2007-2009թթ. գործել է կաթի ընդունման կետ: Գյուղապետը հայտնեց, որ ամերիկյան «ՔԱՐԴ» կազմակերպությունն այդ նպատակով տրամադրել է կաթի սառնարան: Սառնարանի գինը 3 միլիոն դրամ է, գումարի կեսը պետք է տրամադրի Նավուրի գյուղացիական կոոպերատիվը, որին պատկանում է սառնարանը: Պետք է տրամադրի, սակայն գումար չունենալու պատճառով ցայսօր չի տվել:
«2007-2009թթ. Նավուրի կաթի ընդունման կետը գործում էր, կաթը հավաքում էինք, «Աշտարակ կաթ» ընկերության Ճամբարակում գործող կաթի հավաքատեղիից գալիս, կաթը տեղափոխում էին: Կախված սեզոնից՝ կաթի լիտրն ընդունում էին 90-105 դրամով: Հետո «Աշտարակ կաթ»-ն ընդունման գինը նվազեցրեց, դարձրեց 80 դրամ: Գյուղացիներն էլ հրաժարվեցին ցածր գնով կաթ հանձնել, կաթից պանիր պատրաստեցին: Անցյալ տարի կաթի ընդունման գինը բարձրացավ, դարձավ 130 դրամ: Փորձեցինք վերսկսել կաթի հավաքումը, սակայն քիչ քանակ հավաքվեց, գործն առաջ չգնաց: Հիմա Ճամբարակում կաթի ընդունման գինը 120 դրամ է, սակայն մենք կաթ տեղափոխող մեքենա չունենք: Եթե «Աշտարակ կաթ»-ի մեքենան այն տեղափոխի, տեղափոխման ծախսերը հանելով՝ կաթի գինը կիջնի 100 դրամ, դա անասնատերերին ձեռնտու չէ: Ես նաեւ անասնապահությամբ եմ զբաղվում, սարում պահվող իմ կովերից օրական 150 լ կաթ ստանում: Կաթ ընդունող չկա, ես էլ ստիպված պանիր եմ պատրաստում: Բայց պանիր առնող էլ չկա: Երեւանում կաթի փոշուց պատրաստված պանրի կիլոգրամը 2000 դրամով են վաճառում, ես անարատ կաթի  պանիրը  1000 դրամով եմ տալիս, թող գան տանեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց խնդիրները ներկայացրեց Արամ Նիգոյանը:
Նավուրի գյուղապետը փաստում է, որ այլ ծրագրերով կաթի ընդունման կետեր են ստեղծվել Բերդի տարածաշրջանի Վարագավան, Նորաշեն, Տավուշ գյուղերում, սակայն դրանք բոլորն էլ անգործության են մատնված: Մի քանի տարի առաջ  Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվեց կաթի ընդունման կետ: Այն Ազատամուտի ու հարեւան համայնքների ֆերմերներից հավաքած կաթը հանձնում էր «Աշտարակ կաթ» ընկերությանը: Սակայն ընդամենը մի քանի ամիս աշխատելուց հետո ընդունման կետը փակվեց: Տողերիս հեղինակն այս կապակցությամբ ժամանակին եղավ «Հայաստան» հիմնադրամի երեւանյան գրասենյակում: Հիմնադրամի պատասխանատուներն այն ժամանակ տավուշցի լրագրողիս հավաստիացրին, որ հիմնադրամի ծրագրերը երբեք կիսատ չեն մնում, իրենք կգտնեն Ազատամուտի կաթի ընդունման կետն աշխատեցնելու եղանակները: Մի քանի տարի է անցել, սակայն դեռեւս չեն գտել…
Այսօր  գյուղացին մենակ է մնացել իր հոգսերի հետ: Արարատյան դաշտի բնակիչը կարողանում է իր արտադրած կաթն ու պանիրը սպառել Երեւանի շուկայում: Իսկ սահմանամերձ Տավուշի բնակիչը նման հնարավորություն չունի, որովհետեւ մայրաքաղաքից 200 կմ հեռու է ապրում: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները փայլուն ճառեր են ասում ոլորտի չեղած հաջողությունների մասին: Իսկ գյուղացին աջակցության կարիք ունի: Եվրոպայում ֆերմերները կաթի ընդունման գնի նվազման դեպքում ի նշան բողոքի իրենց տրակտորներով փակում են մայրուղիները, կաթը թափում կառավարության շենքի առաջ: Իսկ հայ գյուղացիները հեզությամբ տանում են իրենց զրկանքները,  քանի որ Հայաստանում սեփական իրավունքները պաշտպանելու ավանդույթներ չկան:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս