Նոր զարգացումներ` մատուցողուհու սպանության գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի մայիսի 7-ին մատուցողուհի Մարիամ Հունանյանը հայտնաբերվեց սպանված իր կողմից վարձակալած բնակարանում: Մարիամի պարանոցը դանակով կտրված է եղել, իսկ գործով որպես մեղադրյալ ներգրավվել է խոհարար, 27-ամյա Դավիթ Թամրազյանը: Վերջինս, ըստ մեղադրական եզրակացության, վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, նշված օրը գնացել է վերջինիս բնակարան` իբրև անակնկալ նվեր տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամի կոկորդը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Ապա, ըստ մեղադրանքի, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ հրկիզել է արյունոտ զգեստները:

Եվ այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր  Դավիթ Բալայանի նախագահությամբ, պետք է կայանար գործով հերթական դատական նիստը, սակայն, ինչպես վերջին 3 նիստերին, այս անգամ ևս այն հետաձգվեց. պաշտպան Կրոմվել Գրիգորյանն այսօր արդեն 4-րդ անգամ չէր ներկայացել:

Նախագահողը հրապարակեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ կետը, որում ասվում է, որ երկու անգամ առանց հարգելի պատճառի դատական նիստին կամ իր համար պարտադիր դատավարական գործողության կատարմանը չներկայանալը քրեական վարույթին փաստաբանի մասնակցությունը բացառող հանգամանք է:

Նախագահողը ամբաստանյալ Դավիթ Թամրազյանին առաջարկեց հրաժարվել պաշտպան Կրոմվել Գրիգորյանի ծառայություններից և դիմել հանրային պաշտպանի օգնությանը: Ամբաստանյալն էլ, օգտվելով իր դատավարական իրավունքից, ասաց, որ չի հրաժարվում իր պաշտպանից և ասաց, թե նախորդ դատական նիստին Կ. Գրիգորյանը ներկայացել է դատարան, սակայն դատավորը սանկցիայով մեկ այլ նիստ է անցկացրել:

Մեղադրող դատախազ Սարգսյանը հավանություն տվեց դատավոր Դավիթ Բալայանի առաջարկին` ասելով, թե դատաքննությունն արհեստականորեն երարաձգվում է:

Դատական նիստն այսօր հետաձգվեց և նշանակվեց հունվարի 23-ին:

Armlur.am-ի հետ զրույցում պաշտպան Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ իր իրավունքները խախտվել են, քանի որ նախորդ նիստը հետաձգվել է ոչ թե իր, այլ` մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով:

«Ես ներկայացել եմ նախորդ նիտին, դատախազը չի ներկայացել: Ուշացում չի եղել, ժամանակին եմ ներկայացել: Պարզապես դատավորը սանկցիայով մեկ այլ նիստ է քննարկել, հնարավոր է` շուտ կամ ուշ նիստը կայացել է: Բնականաբար Դավիթը չէր հրաժարվի իմ ծառայություններից, հո հրաժարվելո՞վ չէ: Իմ իրավունքը խախտվել է: Ես հիմա հստակ չեմ կարող ասել` ինչ կարող է լինել: Հաջորդ նիստին կլսեմ ձայնագրությունն ու կհասկանամ` ինչքան է դատավորը չափն անցել»,- նշեց պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Ամբաստանյալի քույրը` Աննա Թամրազյանը, մեզ հետ զրույցում ասաց, թե Կրոմվել Գրիգորյանը 3 անգամ անընդմեջ չի բացակայել դատական նիստերից, և նրա պատճառով չէ, որ նիստերը պարբերաբար հետաձգվել են: Ավելին` Դավիթ Թամրազյանի քույրը ևս վստահեցրեց, որ մեղադրող դատախազի` արձակուրդում գտնվելու պատճառով նիստեր չեն կայացել: Ինչ վերաբերում է եղբոր` պաշտպանից հրաժարվելուն, Ա. Թամրազյանը նշեց, որ նման բան չի կարող լինել, իսկ հանրային պաշտպանի վրա իրենք հույս դնել չեն կարող, քանի որ գործը շատ լուրջ է:

Իսկ գործով տուժող Մարիամ Հունանյանի հարազատներն Armlur.am-ին հայտնեցին, որ եթե նման կերպ շարունակվի ընթանալ դատավարությունը՝ մշտապես հետաձգվելով, իրենք կդիմեն հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին. հարազաները վստահեցրին, որ իրենք, անգամ, ծայրահեղ քայլերի կդիմեն:

Ինչևէ, ավելի քան մեկ տարի ընթացող դատավարության ավարտը չի երևում: Նախաքննությանն իրեն մեղավոր ճանաչած Դավիթը դատարանում հայտարարել է, որ ինքնախոստովանական ցուցմունք է տվել իրավապահ մարմինների կողմից ճնշումների ենթարկվելու ազդեցության ներքո: Դավիթ Թամրազյանը ոստիկանների անօրինական գործողությունների մասին հաղորդում չի տվել, քանի որ տեղյակ չի եղել նման իրավունք ունենալու մասին:




Լրահոս