Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայաստանում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի ճակատագրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին, հայտարարել է, որ «Ռուսաստանը կքննարկի նրա հարցը Հայաստանի իշխանությունների հետ»:
«Դիլհամ Ասկերովը ձերբակալվել է հայկական կողմի միջոցով, այդ իսկ պատճառով էլ մենք պետք է դա քննարկենք հայկական կողմի հետ: Քիչ չեն աշխարհի տարբեր երկրներում ձերբակալված մեր քաղաքացիները»,- հայտարարել է Ս. Լավրովը:
ՌԴ արտգործնախարարն ընդգծել էր, որ Ռուսաստանն անդադար հետաքրքրվում է իր քաղաքացիների ճակատագրով:
Հիշեցնենք, 2014 թ դեկտեմբերի 29-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել էր 2014 թ հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը: