Ջուլի Խաչատրյանն այս տարվա օգոստոսին 14 տարեկան էր դառնալու, եթե իրեն ցած չնետեր 8-րդ հարկից: Հարեւանների բնութագրմամբ` նա խելացի, հարգանքով եւ համեստ աղջիկ էր: Սակայն, շատերի կարծիքով, էմո է եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ջուլին 8-րդ հարկից իրեն ցած էր նետել եւ մահացել: Էրեբունու վարչական շրջանի Դիմիտրովի 78 շենքի բնակչուհին սովորում էր թիվ 194 դպրոցի 9-րդ դասարանում: Ուներ մի եղբայր, անունը Դավիթ: Կասկածներ կան, որ Ջուլին իրեն ցած է նետել սիրո հողի վրա: Թեեւ, ըստ շրջանառվող լուրերի, աղջիկն էմո է եղել, այդ պատճառով է ինքնասպանություն գործել: «Ժողովուրդ»-ը գնաց Ջուլիի բնակության վայր՝ պարզելու, թե իրականում ինչու է աղջիկն իրեն ցած նետել 8-րդ հարկից:
Զրուցեցինք հարեւանների հետ, որոնք հիմնականում խուսափում էին խոսել դեպքի կամ ինքնասպանություն գործած աղջկա մասին. «Ավելի լավ է ուրիշից հարցնեք: Շատ բարի աղջիկ էր»: Բակի տղաներից մեկը` Աշոտը, այսպես բնութագրեց աղջկան. «Շատ խելոք էր: Իրա ծնողներն էլ շատ լավ մարդիկ են»: Նրանց խոսքերով` Ջուլին մինչ ինքնասպանություն գործելը հեռախոսով հրաժեշտ է տվել իր ընկերներին եւ հարազատներին:
Փորձեցինք հարեւաններից պարզել, թե ի վերջո, ինչն է դրդել 14-ամյա աղջկան ինքնասպան լինել: «Էնքան բան են ասում, որ չգիտենք, թե ում հավատանք: Մե՛կ ասում են` սիրո հողի վրա է իրեն սպանել, մե՛կ էլ թե` էմո է եղել: Բայց ախր մեր աչքի առաջն է եղել, նման բան չենք նկատել: Մեր տարածքում էլ էմոներ չկան, որ ասենք` դրանց հետ ընկերություն է արել ու էմո դարձել: Չգիտեմ` ինչ ասեմ»,-ասաց 12-ամյա Խաչիկը: Նա մեզ տեղեկացրեց, որ լսել է, թե իբր Ջուլիան «Օդնոկլասսնիկի» իր էջում գրել է «Դժոխքի լկստված հրեշտակ»: «Ինչ-որ ասում են, որ նույնիսկ տգեղ շպարով նկարներ են եղել: Բայց ես անձամբ նման բաներ չեմ տեսել: Էմոյի նման էլ չի հագնվել: Բոլորիս հետ լավ էր, միշտ կատակներ էր անում»,-պատմեց տղան: Նկատենք, որ ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, որը սատանիստ է, իր մտերիմ ընկերներին անվանում է «Դժոխքի փոքրիկ հրեշտակներ», իսկ իրեն էլ համարում է հրեշտակապետ:
Ինչեւէ, շարունակենք հարեւանների հետ մեր հարցուփորձը: Ջուլիայի անմիջական հարեւանուհին, որը խնդրեց չնշել իր անունը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այդ դեպքի ժամանակ քաղաքում չի եղել: «Գյուղում էի: Հեռուստացույցով տեսա: Ճնշումս բարձրացավ, վատացա: Ասեցի` վա՛յ, Նարի՛ն ջան, էս մեր Ջուլիան է: Չտեսնված երեխա էր: Մեր շենքում իրա նմանը չկար»,-պատմեց տիկինը` լրացնելով, որ Ջուլին դպրոցում գերազանց է սովորել: Նա նշեց, որ երկար ժամանակ է, ինչ ճանաչում է Ջուլիի ընտանիքին եւ երբեք ոչ մի վատ բան չի նկատել: «Անցյալ օրը մեր բակի երեխաները վարդավառ էին խաղում, ես էլ պատշգամբից նայում էի ու մտածում, որ բոլոր երեխաները կան, բացի Ջուլիայից: Ասում եմ ու լացում: Զարմացած ենք, մինչեւ հիմա չենք հասկանում, թե ինչ եղավ էդ էրեխուն»,-տխրությամբ նկատեց հարեւանուհին:
Բակում նստած տատիկները նույնպես դրական արտահայտվեցին աղջկա մասին. «Միշտ բարեւում էր: Իր տատիկին շատ էր օգնում, նա ապրում է հարեւան շենքում: Իրենց բարեկամության մեջ միակ աղջիկն էր: Եղբայրն անընդհատ լաց է լինում, իսկ ծնողները դեռ չեն համակերպվել այդ մտքի հետ»:
«Ժողովուրդ»-ը էմոների եւ սատանիստների մասին զրուցեց նաեւ հոգեբան Սամվել Խուդոյանի հետ, որը նկարագրեց այդ տեսակի մարդկանց. «Հոգեկան լուրջ պրոբլեմներ ունեցող մարդիկ են: Սովորաբար ինքնասպանությունները դեռահասների մոտ են տարածված լինում, հատկապես երբ հոգեկան շեղումներով են: Էմոների գաղափարախոսություններից հենց մեկն էլ մահն է: Ռոմանտիկ պատկերացում ունեն դրա մասին, ինքնասպանության փորձերը համարում են ինչ-որ ռոմանտիկ արարք եւ այն խրախուսում են»:
Իսկ սատանիստներն ավելի շատ ցուցադրական մարդիկ են: «Նրանք, չունենալով իրական օրիգինալություն, գնում են կեղծի հետեւից: Դա ավելի շատ բնորոշ է պատանիներին»,-բացատրեց հոգեբանը՝ ծնողներին խորհուրդ տալով իրենց երեխաների հետ լինել ավելի մտերիմ, ջերմ, ընկերական, չքննադատեն ու չմեղադրեն նրանց իրենց օրիգինալ երեւալու ձգտումների մեջ:
Այսպիսով` չնայած այս խոսակցություններին, այնուամենայնիվ, աղջկա` ինքնասպանություն գործելու պատճառը դեռ մնում է անհայտ ե՛ւ ծնողների, ե՛ւ հարեւանների, ե՛ւ ոստիկանության համար:
ԴԺՈԽՔԻ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱ՞ԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ