Ինչ ափսոս, որ հաճախ մեր ցանկությունները չեն համընկնում մեր հնարավորությունների հետ: Այնուամենայնիվ, ինչպես պնդում է դերասանուհի ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ, հանգիստը կուլտուրա է, որին պետք տիրապետի յուրաքանչյուր մարդ: Ի դեպ, այսօր Լուիզան ընտանիքով մեկնեց հանգստի Անթալիա:
-Եթե չեմ սխալվում, անցած տարի Եվրոպա էիք մեկնել:
-Այո՛, բայց այս տարի վերստին վերադարձանք Անթալիային: Մենք մի քանի տարի գնացել ենք, ու ես որոշեցի կոտրել Անթալիայի կարծրատիպը: Եվրոպայից հետո համոզվեցինք, որ Անթալիան ընտանիքով մեկնելու համար ամենաօպտիմալ ու լավ տարբերակն է` անկախ նրանից, թե այսօր ինչքան հիվանդագին են վերաբերում Թուրքիա մեկնելու փաստին:
-Իսկ այնտեղ հայերի համար անվտանգության խնդիր չկա՞:
-Եվա՛ ջան, Հայաստանում ավելի վտանգավոր է: Վերջին դեպքերի հետ կապված՝ թերեւս նո քոմենթ… Ի՞նչ ասեմ, չհիմնավորված կարծիք է, որ Թուրքիայում վտանգավոր է՝ չնայած, որ տուրիզմի առումով բավականին կայացած երկիր է, որտեղ հանգստանում են մարդիկ Եվրոպայից ու նախկին սովետի երկրներից: Շատ անգամ լսելով Էրմենիստան բառը՝ արժանանում ես էլ ավելի մեծ հարգանքի: Ես դա ասում եմ իմ անձնական փորձից:
-Երեխայի հետ եք մեկնելու, անհարմա՞ր չէ:
-Այդ իմաստով դարձյալ Անթալիան ամենաօպտիմալն է: Գաբին դեռ 1 տարեկան չկար, երբ մենք մեկնեցինք Անթալիա, չեք պատկերացնի՝ ինչ իդեալական պայմաններ կան ստեղծված երեխաների համար` սկսած սննդից, վերջացրած բոլոր զվարճանքներով: Իմ աղջիկն ինձ ոչ մի հոգս չի պատճառել թե՛ եվրոպական տարբեր քաղաքներում կիլոմետրերով քայլելու ժամանակ, թե՛ ծովափնյա տեղերում:
-Հանգստի մեկնել ցանկացողները սովորաբար տարվա ընթացքում իրենց ծախսերից մի քիչ խնայողություններ են անում, որպեսզի հետո կարողանան իրենց թույլ տալ արձակուրդի մեկնել: Ձեր պարագայում ինչպե՞ս է, խնայողություններ արվո՞ւմ են, թե՞…
-Մեզ մոտ էլ նույն տարբերակն է, մոտավորապես վեցանիշ թիվ է կազմում: Տարվա հիմնական աշխատանքի մի մասը մեր բյուջեից հատկացվում է հանգստին, որովհետեւ դա շատ կարեւոր է, կուլտուրա է, որին ես նախկինում չէի տիրապետում: Իսկ ամուսինս, լինելով բժիշկ, միշտ ասում է՝ մարդ չպետք է 3 շաբաթից պակաս հանգստանա:
-Քանի՞ օրով եք մեկնելու:
-24 օրով:
-Ձանձրալի չի՞ լինի այդքան օր նույն հյուրանոցում անցկացնել:
-Պատկերացրե՛ք, որ ոչ: Այդ ժամանակահատվածում ես կկարողանամ լիարժեք հանգստանալ, գիրք կարդալ: Արդեն մի քանի գիրք դրել եմ ճամպրուկիս մեջ: Հետո էլ այնտեղ ամեն ինչ կա, դու կարող ես փուլ փարթիների ժամանակ շամպայնով ողողվել, ներեցե՛ք սլենգիս համար` տժժալ, եւ կարող ես սրահներից մեկում կվարտետ լսել:
-Գրքերից բացի, է՞լ ինչ կա ճամպրուկի մեջ:
-Դե դրանք հիմնականում առաջին անհրաժեշտության դեղերն են, որ ամուսինս է վերցրել: Ծովափ է, կարող է ամեն ինչ լինել եւ ոչ միայն մեզ հետ:
-Որքա՞ն կարժենա հանգիստը Ձեր 3-հոգանոց ընտանիքի համար:
-Ամեն ինչ կախված է նախասիրություններից ու հնարավորություններից: Եթե դու չունես ֆինանսական շատ մեծ հնարավորություններ, կարող ես 3 հոգով նույնիսկ 3000 դոլարի սահմաններում գնալ հանգստի կամ նույնիսկ 2 հազարի սահմաններում: Ամեն տեղ էլ` Դուբայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, կան շատ լավ ու վատ ծառայություններ, բնականաբար, ամեն ինչ կախված է գումարից:
Իսկ դերասան, հումորիստ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ այս տարի չի պլանավորել հանգիստ, սակայն հնարավորության դեպքում էլ նախընտրում է Հայաստանը ճանաչել:
-Շատ ենք ուզում հանգստանալ թեկուզ մի 4 օրով, բայց մի քանի գործնական խնդիրներ կան, եթե դրանք չվերջացնեմ, հնարավոր է՝ նույնիսկ չկարողանամ հանգստի գնալ:
-Մեկնելու եք ընտանիքի՞ հետ:
-Բնականաբար: Նրանք առանց ինձ չեն գնա:
-Նախորդ տարիներին միշտ հաջողվե՞լ է հանգստանալ:
-Ստացվել է, ամեն ինչ էլ արել ենք: Դե պատահում է, որ տարվա մեջ մի կես կամ մի ամսով միայն հյուրախաղերով լինում ենք դրսում, ինչը մեզ համար ամենալավ հանգիստներից մեկն է: Փորձում ենք ոչ հաճախ, բայց գոնե երկու շաբաթը մեկ ընկերներով գնալ մի տեղ՝ Սեւան, Ծաղկաձոր… Հավայան կղզիներ չենք մեկնում, բայց Հայաստանում շրջում ենք:
-Իսկ Հայաստանից դո՞ւրս:
-Ճիշտն ասած, հիմա ես նպատակ ունեմ Հայաստանում շրջելու: Եթե մարդ ամբողջ աշխարհը պտտվում է, բայց իր հայրենիքն այդպես էլ չի ճանաչում, էլ ինչի՞ մասին է խոսքը: Հայաստան-Ղարաբաղ երթուղին ենք գծել ընկերներով, թիմ ենք հավաքում, որ գնանք: Ավելի ճիշտ, ուզում ենք ամեն տարի գոնե մի ամսով գնանք, էնտեղի սարերում մնանք: Հայաստանում շատ լավ վայրեր կան, որ անպայման պետք է տեսնել:
ՄԵԿԸ` ԹՈՒՐՔԻԱ, ՄՅՈՒՍԸ` ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ