ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս առիթ ունեցա մանրամասն ծանոթանալ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքների ժողովածուին: Առիթը ավտովարորդների համար նախատեսված տուգանքների շեշտակի աճն էր: Ճիշտն ասած, ոչինչ չգտա, թե ինչ տուգանք է սահմանվում փոքրահասակ երեխային վարորդի կողքին նստեցնելու համար: Ե՞ս եմ վրիպել, թե՞ նշված տուգանքի տեսակն այլեւս գոյություն չունի:

Հովհաննես Բաղդասարյան, 34 տարեկան, տնօրեն


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնների 159-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն՝ արգելվում է մինչեւ 12 տարեկան երեխաներին փոխադրել թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջեւի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով: Նշված պահանջը չպահպանելը համարվում է մարդկանց փոխադրման կանոնների խախտում, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի
պետ Արման Չիլինգարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսով ենք՝ ավտովարորդների իրավունքների ու պարտավորությունների այս հերթական պարզաբանումը կօգնի վարորդներին զերծ պահել ավելորդ անգամ տուգանվելու վտանգից:




Լրահոս