ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ aysor.am-ի

Երեկ Երեւանում բացվեց մեծն թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հուշատախտակը: Նոր Նորքի շենքերից մեկի մուտքն այսուհետ բոլորին կհուշի, որ այդ շենքում ապրել է թարգմանության մեծ վարպետ, հայերին «Ուլիսեսը» նվիրած Սամվել Մկրտչյանը: Հուշատախտակի բացմանը ներկա են գտնվել նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ հազվադեպ է լինում, երբ մարդ կյանքից հեռանում է, բայց մշակութային վերնախավի մարդիկ պահանջ են զգում հանդիպելու նրան. «Նա ի բնե, ի ծնե թարգմանիչ էր, ով ստեղծեց շեքսպիրյան բարձր ոճի թարգմանություններ: Նա լեզվական այնպիսի մեծ վեր ու վարի էր տիրապետում անգլերեն-հայերենի, որ դրանք դարձնում էին քոնը: Նա իսկապես արվեստի մարդ էր. ազնվական տեսակը պահպանող մարդկանցից էր մեր սիրելի Սամվելը»:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Քաղծառայող եմ: Լսել եմ, որ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում որոշ փոփոխություններ են կատարվել: Կխնդրեի պարզաբանել՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը եւ, ընդհանրապես, ի՞նչ առավելություններից կարող են օգտվել շահառուները:

Կարեն Ավագյան (36 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Կառավարության 2014թ. հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ կարգավորվող պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների եւ ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունների եւ կարգի մեջ օրերս ՀՀ Կառավարությունը կատարել է փոփոխություններ, որը վերաբերում է ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործընթացին: Արդյունքում` ընդլայնվել է ծրագրից օգտվող պետական կազմակերպությունների ցանկը: Այժմ որպես ծրագրի շահառու կարող են դիտարկվել ՀՀ Կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ՝ օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:
Փոփոխություն է կատարվել նաեւ պետության եւ կառուցապատողի միջեւ կնքվող բնակելի եւ ավտոկայանատեղի նշանակության տարածքների առքուվաճառքի նախնական պայմանագրում. բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը գնահատվել է 310.000 դրամ, ավտոկայանատեղի համար՝ 1.950.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Նշենք, որ առկա է առնվազն 117 բնակարան եւ 117 ավտոկայանատեղ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնակարանային շուկայում լճացում է, ինչպես պաշտոնական տվյալները, այնպես էլ առքուվաճառքով զբաղվող գործակալությունները գործարքների շեշտակի անկման մասին են հայտարարում: Նման իրավիճակում օլիգարխների կիսակառույց շենքերում առկա հարյուրավոր բնակարաններն իրացնելու այլ եղանակ, քան նման մեխանիզմ առաջարկելն է, իշխանության վրա ներազդած օլիգարխները չունեն:

 

 

 

 
ՀԱՐՑ. Վերջերս դրամ-դոլարային տատանումները խուճապ առաջացրին շուկայում, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին անելանելի իրավիճակներում: Հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞վ են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:

Արուսյակ Սիմոնյան (36 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես Կառավարության ծախսերը, Կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների ազդեցության արդյունք է:

ՀՀ Կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անցած տարեվերջին արժութային շուկայում տիրող քաոսային վիճակը բազմաթիվ գլխացավանքների մեջ գցեց մեր քաղաքացիներին, ու թեեւ ԿԲ-ն փորձում էր կարգավորել իրավիճակը եւ նույնիսկ մոտ 300.000 մլն դոլար ներդրեց՝ դրամի արժեզրկումը մեղմելու համար, սակայն չհաջողվեց, ինչն էլ պատճառ դարձավ զգալի գնաճի` ըստ պաշտոնական տվյալների՝ 8-9%-ի չափով: Մտահոգիչը այն է, որ անցանկալի զարգացումների հավանականությունը բարձր է գնահատվում:




Լրահոս