Ո՞վ է դրդել գործարարին ինքնասպանության` բարձրաստիճան պաշտոնյանե՞րը, թե՞ պարտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար, շինարար Համլետ (Աբրամ) Ամիրխանյանի ինքնասպանության գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում: Սա միանշանակ նպատակ ունի գործն առավել խորքային քննելու, սակայն պետք է նկատել, որ ինքնասպանությունից առաջ գործարարը նամակ է թողել, որում, Armlur.am-ի տեղեկություններով, նշված են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնասպան եղած «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իրեն կրակելուց առաջ նամակ է գրել և հանձնել իր տան աշխատակիցներին` խնդրելով այն անպայման փոխանցել իր հարազատներին կամ փաստաբանին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարարի կնոջ` Նաիրա Շահգելդյանի մտերիմը հայտնել է, որ Հ. Ամիրխանյանի թողած նամակը ոչ ոք չի տեսել, բովանդակությունն էր չգիտեն:

Այդուհանդերձ, մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ գործարարն իր թողած նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական տարրեր և արգելել են իրեն որևէ գործողություն իրականացնել: Իսկ թե կոնկրետ ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ են գործարարի մահվան պատճառը դարձել, և կոնկրետ որ գործարարների անունն է տվել Համլետ Ամիրխանյանը, դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճըն քաղաքի իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն էր գործել ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Ավելին՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաև 1 գնդակ:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ Հ. Ամիրխանյանը Երևանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը և այլ շինություններ պատկանում էին նրան: Ուստի դժվար չէ պատկերացնել, թե Ամիրխանյանի կառուցած շենքերի գնորդներն ովքեր են եղել:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ. օգոստոսի 19-ին գրել էր, որ Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ: Դեռ նախորդ տարվա օգոստոսին «Ժողովուրդ»-ը զրուցել էր Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից, նա պատասխանել էր. «15 օրվա ընթացքում: Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»:

Սակայն ո՛չ հողը արգելանքից հանեց, ո՛չ էլ՝ մարդկանց բնակարանները: Ու այսօր շատ քաղաքացիներ կանգնած են իրենց տունը կորցնելու վտանգի առջև:

Հարկ ենք համարում հիշեցնել, նաև «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները գրավադնելուց բացի՝ գործարարն ունեցել է ահռելի թվով պարտքեր: Ըստ շրջանառվող լուրերի՝ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը Ավանի աղի հանքի մոտ շքեղ հյուրանոց ունի, որի վրա հսկայական գումարներ է ծախսել: Ըստ խոսակցությունների՝ այդ հյուրանոցի բաժնետերերի հետ էլ հավանաբար ունեցել է խնդիրներ՝ հետագա ներդրումների կամ վաճառքի գնի հետ կապված: Ամիրխանյանը խոշոր պարտքեր է կուտակել նաև շինարարական ընկերություններին: Իսկ թե ինչ կապ ունեն այս մարդիկ կատարվածի հետ, թերևս կպարզի քննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Armlur.am-ի խմբագրությունը 224 շահառուի ստորագրությամբ նամակ է ստացել, որտեղ վերջիններս կրկին բարձրաձայնել են ինքնասպան եղած Հ. Ամիրխանյանի ապօրինությունների վերաբերյալ:

Մնում է սպասել` ինչ կպարզի քննությունը, որով էլ հայտնի կդառնա` գործարարին ինքնասպանության են դրդել բարձրաստիճան պաշտոնայնե՞ր, թե՞ նրա պարտքերը: Չի բացառվում նաև, որ Համլետ Ամիրխանյանի` իր կյանքին վերջ տալու համար այլ պատճառ է եղել:




Լրահոս