Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Եկամտահարկի» ու «Շահութահարկի» օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրինագծերի ներկայացման ոչ մի ընթացակարգային հարց պահպանված չէ:
«Հիմք եք տալիս ԱԺ պատգամավորներին Սահմանադրական դատարանում վիճարկել ակտերի ընդունումը: Էլ քաղաքացիներից ինչպե՞ս ենք պահանջում հարգել օրենքը: Հանգիստ չպետք է թողնենք կառավարության անդամներին, քանի դեռ չեն պահպանվել օրենքները: Իսկ միգուցե սրա մեջ կոռուպցիո՞ն ռիսկ կա: Բաժակ նայելու սկզբունքով քաղաքական պնդումներ անելու փոխարեն քաղաքական գնահատական պետք է տրվի»,- նշեց Մինասյանը:
Խոսելով օրենքի նախագծի մասին` նա նշեց, որ այն հիմնախնդիրը, որի լուծմանը պետք է միտված լիներ այս փոփոխությունը, հավուր պատշաճի նկարագրված չէ.
«Խնդիրն այն է, որ հայ աշխատանքային միգրանտների մեծ մասը ենթարկվում է ռիսկերի: ՀՀ սահմանադրական իրավունքը չի իրացվում՝ ի դեմս աշխատանքի ընտրության ազատ իրացման: Մեր քաղաքացիները լավ օրից չէ, որ մեկնում են արտագնա աշխատանքի: ԽՍՀՄ ժամանակ էլ էին գնում, բայց այն ժամանակ մեկ միասնական պետություն և օրենքներ էին: Անկախ պետության դեպքում դա ռիսկային է», – նշեց նա:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ չեն քվարկելու օրինագծին: