Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

«Այսօր մենք պետք է քայլեր ձեռնարկենք կաթի արտադրության և արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ: Իսկ դա հնարավոր է իրականացնել միայն համատեղ ջանքերի, ինչպես նաև միավորված ու համակարգված աշխատանքի շնորհիվ», – իր խոսքում նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել կաթի մթերման գների կարգավորման խնդրին` կարևորելով վերամշակող ընկերությունների կողմից կաթի ընդունման միասնական գների սահմանման անհրաժեշտությունը: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև հունիսի 1-ը, այն է` արոտային պահվածքի անցնելը, պահպանել մթերման գործող գները:

Նախարարը նաև հորդորել է հանդիպման մասնակիցներին դիվերսիֆիկացնել իրենց ընկերությունների արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության տարածքում:

Անդրադառնալով ոլորտի այլ խնդիրներին` նախարարը, մասնավորապես, մատնանշել է գյուղատնտեսական կոոպերատիվների հետ սերտ համագործակցության և արտադրանքի որակի բարձրացման նպատակով նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը:

Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է փոխնախարարներին մեկշաբաթյա ժամկետում ընկերությունների հետ քննարկել կաթի մթերման գներին և արտահանմանն առնչվող հարցերը, այդ թվում` նախարարությանը շաբաթական կտրվածքով տեղեկատվություն տրամադրել կաթի գների, պարտքերի և մթերման ծավալների վերաբերյալ:




Լրահոս