Հունիսի 2-ին ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն իր հերթական նիստում միաձայն քվեարկեց Գյումրիի հետ քույր քաղաք հարաբերություններ հաստատելու օգտին: Գլենդելի համար Գյումրին դարձավ երկրորդ հայկական քույր քաղաքը՝ Կապանից հետո: Նախաձեռնությունն իրականացավ Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և Գլենդելի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի համատեղ ջանքերի շնորհիվ: Զարեհ Սինանյանի խոսքով` երկու քաղաքները շատ ընդհանրություններ ունեն, որոնք լավ հիմք են արդյունավետ գործակցության համար:
Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն, իր հերթին, գոհունակություն հայտնեց քույր քաղաքների ծրագրի մեկնարկի առիթով: Նա նշեց, որ չնայած 1988թ. աղետին` Գյումրին վերագտավ իր տեղը որպես արվեստի և մշակույթի կենտրոն: Գլենդելի քաղաքային խորհուրդն իր պատրաստակամությունը հայտնեց հուլիսին քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակության այց կազմակերպել Գյումրի՝ համագործակցության համապատասխան փաստաթուղթ ստորագրելու նպատակով: «Գյումրիի հետ քույր քաղաք ծրագրի մեկնարկը մեզ համար կարևոր է. մենք հայկական մեծ համայնք ունենք Գլենդելում և սերտ կապեր՝ Հայաստանի հետ: Գլենդելը և Գյումրին շատ նման են միմյանց, նախևառաջ՝ բնակչության թվով: Մենք գործակցությունը տեսնում ենք առավելապես կրթական, մշակութային ոլորտներում: Այս ծրագիրը նաև Գլենդելում ապրող գյումրեցիներին կկամրջի հայրենի քաղաքի հետ: Մենք արդեն մեծ փորձ ունենք քույր քաղաքների ծրագիր իմաստով՝ Մեքսիկայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի հետ: Հույս ունենք՝ այդ փորձն առավել հարստացնել հայկական երկրորդ քաղաքի հետ գործակցությամբ», – նշեց Գլենդել քաղաքի մենեջեր Դեն Բելլը:
«Հայաստանում բարձր են գնահատում և խրախուսում ապակենտրոնացված համագործակցության դերը տնտեսության զարգացման գործում: Այս գործակցությունը կարող է շատ լավ արդյունքներ տալ: Գլենդելը հարուստ փորձ է կուտակել քաղաքային տնտեսության զարգացման գործում, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և այն կարող է օգտակար լինել Գյումրիի համար, որն այսօր թերևս դեռ ունի ոլորտներ, որոնք բարելավման կարիք ունեն: Երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա Գլենդելի և Գյումրիի համայնքների կայուն զարգացման համար», – նշեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը: