Տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ հայտնվել է սնանկության եզրին: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է դատարանի վճիռը, որով ՀՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի բնակիչ Կարապետ Օհանյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչել: Իսկ ինչ հիմքով է քաղաքացի Օհանյանը դիմել դատարան: Տեղեկացանք, որ վերջինս դատարանում հայտնել է, թե 2011թ օգոստոսի 19-ին Երեւան քաղաքի Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սպարտակ Մելիքյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 միլիոն 520 հազար դրամ: Սպարտակ Մելիքյանը չի կատարել դատարանի վճռով հաստատված պահանջը:
Արդյունքում, Կարապետ Օհանյանը հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ հղում է կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին եւ խնդրել է, որ Սպարտակ Մելիքյանին ճանաչեն սնանկ:
Իսկ ինչու պետք է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը քաղաքացի Կարապետ Օհանյանին վճարեր 6 միլիոն 520 հազար դրամ: Պարզվում է, որ 2011թ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Կարապետ Օհանյանն իրեն պատկանող «OPEL VECTRA» մակնիշի 14 ՕՍ 574 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնել է Սպարտակ Մելիքյանի հորը` Սեյրան Մելիքյանին:
Հենց այդ օրը տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով պատգամավորի հայրը` Սեյրան Մելիքյանը, մահացել է: Արդյունքում ամբողջովին ջարդվել է նաեւ Կարապետ Օհանյանին պատկանող «OPEL VECTRA 1,6» մակնիշի ավտոմեքենան:
Եվ, ահա, դեպքից 1 ամիս հետո Կարապետ Օհանյանը դիմում է պատգամավորին եւ հայտնում, որ տեղի ունեցած վթարից իր մեքենան ամբողջովին վնասվել է, իսկ ինքն առանց մեքենայի չի կարող ապրուստի միջոցը հոգալ, քանի որ ամուսնացած է եւ իր խնամքին է բազմանդամ ընտանիքը: Ուստի խնդրել է հատուցել մեքենայի արժեքը կամ նմանատիպ այլ ավտոմեքենա տրամադրել:
Սպարտակ Մելիքյանը, սակայն, նրան մերժել է, եւ Կարապետ Օհանյանը, այլ ելք չունենալով, դիմել է դատարան, որպեսզի դատարանի միջոցով կարողանա ստանալ իր գումարը: 2011 թվականին էլ դատարանը որոշել է պատգամավոր Սպարտակ Մելիքյանին պարտավորեցնել, որ վճարի Կարապետ Օհանյանին 6 միլիոն 520 հազար դրամ: Ինչպես նկատում ենք՝ 2011 թվականին հրապարակված վճռից անցել է 4 տարի, սակայն պատգամավորն այդպես էլ չի կատարել դատարանի վճիռը, եւ Կարապետ Օհանյանը, հերթական անգամ դիմելով դատարան, այս անգամ էլ պահանջում է, որ Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչեն:
2015 թվականի ապրիլի 10-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սպարտակ Մելիքյանին դիմում է ուղարկում առ այն, որ նրա սնանկության մասին վարույթ է սկսվում: Պատգամավորը պատշաճ կարգով ստանալով դատարանի դիմումը` սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկության հարցը:
Գործը նախագահող դատավոր Տիգրան Փոլանդյանն էլ, ուսումնասիրելով դատարան ներկայացված ապացույցները, 2015թ ապրիլի 27-ին վճռել է Կարապետ Օհանյանի դիմումը` Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել եւ պատգամավորին սնանկ ճանաչել:
Ավելին՝ ըստ դատարանի` Սպարտակ Մելիքյանից հօգուտ Կարապետ Օհանյանի պետք է բռնագանձվի 100.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար եւ որպես դատական ծախս: Հավելենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսքանով չի բավարարվել եւ որոշել է արգելանք դնել Սպարտակ Մելիքյանին սեփականություն իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
Քնար Մանուկյան