Բա լուրջ ռեժիսորը կընկնի՞ սրա-նրա տները, պղինձների մեջ կնայի՞. Արմեն Մարությանը` Սուրեն Շահվերդյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը վրդովվում է, երբ երիտասարդ սերնդի որոշ ներկայացուցիչներ քննադատում են ավագ սերնդի կատարած աշխատանքը` համարելով, որ նրանք արդեն «հին են»: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է հին ու նոր սերունդների խնդիրներից, անդրադարձել կոմերցիոն ֆիլմերում հանդես գալու թեմային` նշելով, որ եթե լավ վճարեն ու լավ դեր առաջարկեն, ինքն էլի կնկարահանվի:

-Պարո՛ն Մարության, «Որբերի ընտանիք»-ից հետո հանդիսատեսն ակնկալում է տեսնել Ձեզ նոր դերում, սակայն, եթե հաշվի առնենք, որ մայր թատրոնում վերանորոգման աշխատանքները երկար կտեւեն, թերեւս նոր դերն ուշանա…

-Տեսնենք` նոր գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ինչ ներկայացմամբ նպատակահարմար կգտնի բացել նոր դահլիճը: Այդ հարցի շուրջ դեռ ծրագրեր են կազմվում, որոշ պլաններ կան, բայց վերջնական չեն:

-Դուք հնարավորություն եք ունեցել աշխատելու Ձեզնից ավագ սերնդի հայտնի դերասանների եւ ռեժիսորների հետ: Երիտասարդ սերնդի մասնագետների մասին ի՞նչ կարծիք ունեք: Հետեւո՞ւմ եք նրանց գործունեությանը: Նրանք երբեմն քննադատում են թատերական ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներից ոմանց` նշելով, որ մեր թատրոններում նոր շնչի, մտածելակերպի եւ նոր մատուցման պակաս է զգացվում:

-Օրերս լսում էի, օրինակ, Սուրեն Շահվերդյանին, ասում էր, թե մենք հին ենք, ինքը նոր է: Չեմ հասկանում` էդ ի՞նչ է ասում էդ երեխան…Բարձր արվեստ, բարձր արվեստ ասելով հո նկատի չունե՞նք ձախ ոտքով աջ ականջի հետեւը քորելը: Ասեմ, որ այն, ինչ ուզում են անել մեր որոշ երիտասարդներ, այդ ավանգարդիզմը եղել է դեռ 1960-ականներին, իրենց արածները վաղուց արդեն իրականացված բաներ են. նոր բան չեն անում: Թող որոնեն մաքուր, ճշմարիտ արվեստը, որով Սուրենի հայրը` Վահե Շահվերդյանն է զբաղվում: Թե չէ ասել` սրանք հին են, սրանց փոխենք, ո՞նց կլինի…Ինքն էլ է արդեն հնացել, 40 տարեկան էլ ինքն է: Կամ լսում եմ, ասում է` այս քաղաքում մի 4-5 լավ ռեժիսոր կա. էդ ո՞նց են հաշվել: Բա լուրջ ռեժիսորը կընկնի՞ սրա-նրա տները, պղնձի մեջ կնայի՞, տեսնի` ինչ ճաշ են եփել… (Նկատի ունի «Քաղցած չէին սպասում» հաղորդումը, հեղինակ եւ վարող` Սուրեն Շահվերդյան-Ա.Բ.): Ինչ վերաբերում է նոր շնչին, թող հստակեցնեն` ինչ նկատի ունեն նոր շունչ ասելով: Երիտասարդ կա, որ նայում ես, ծերությունը վրայից թափվում է, տարիքով դերասան էլ կա` նայում ես, քեֆդ բերում է:

-Թերեւս նկատի ունեն արվեստի մեջ նոր մոտեցումները, դասական ստեղծագործությունները նորովի մատուցելը, նոր սերնդին հետաքրքրելը…

-Երիտասարդների ազատ սերունդ է մեծանում, թող անեն, ստեղծեն, թող «նոր ձեւով շնչեն», ինչ ասեմ… Թող Փարաջանովի պես նորույթ մտցնեն արվեստում, աշխարհը տեսնի` զարմանա. դա էլ կլինի նոր շունչը, ո՞վ է իրենց խանգարում: Բայց այն, ինչ իրենք անում են, կրկնում եմ` վաղուց արված բաներ են… Դուք խոսում եք նոր մոտեցումներից, հիշեք` ինչ իրարանցում առաջացրեց մեր թատրոնի ներկայացրած «Ջոն արքա»-ն Լոնդոնում, ամբողջ Լոնդոնն ապուշացել էր, մեր կոնցեպցիան էլ գողացան, մեզ պես «Համլետ» են խաղում, 50-60 հոգանոց ներկայացումը խաղացինք 10 հոգով, մեզ հետ տարած ճամպրուկները դարձրինք դեկոր, երաժշտությունը մենք էինք նվագում, պարերը մենք էինք պարում. էլ նոր գույնն ու նոր ոճը ո՞նց է լինում: Բա ինչո՞ւ չեն ավագ ընկերների արածները տեսնում… Մենք մեր գործով ենք զբաղվում, իրենք էլ թող իրենցով զբաղվեն…

-Նոր, հետաքրքիր գաղափարներ ունեցող ստեղծագործ դեմքերի, բացահայտմանը փորձում են նպաստել նաեւ մշակութային միջոցառումների միջոցով, ինչպես օրինակ` «Ոսկե ծիրան»-ի դեպքում: Ըստ Ձեզ՝ ստացվո՞ւմ է:

-Շատ հետաքրքիր բան են անում: Մի բան հիշեցի… Էս թուրքերը, դե, գիտեք` թատրոն չունեն, այսինքն` թատերական արվեստն իրենց մոտ շատ թույլ է զարգացած: Մի անգամ մի թուրք մասնագետի ասացի` ո՛չ թատրոն ունեք, ո՛չ ռեժիսոր, բայց աշխարհի լավագույն փառատոններն եք անում, ասաց` բա անում ենք, որ թատրոն ունենանք: Հիմա մերն է: Պետք է նման փառատոններ անենք, որ մենք էլ կինո ունենանք, երիտասարդները շահագրգռվեն:

-Դուք խաղացել եք նաեւ կոմերցիոն ֆիլմերում, սերիալներում: Ի՞նչ սկզբունքով եք նման նախագծերի շրջանակներում աշխատում, ո՞ր դեպքում կհամաձայնեք էլի նկարահանվել:

-Եթե լավ փող տան, էլի կաշխատեմ, բայց դրանց շրջանակներում էլ պետք է նամուսով աշխատես, խալտուրայով չպետք է զբաղվես…Որ լավ դեր լինի, կնկարահանվեմ: Տեսնենք` ինչպես կստացվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս