Մեկ օրում երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել Ճապոնիայի արևելքում: Երկրաշարժի հզորությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 5.1 բալ, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը:
Համաձայն այդ տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հոկայդո կղզու Տոկատիի շրջանում` 80 կմ խորության վրա:
Հենց այդ նույն օրը լուսաբացին 5.0 բալ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Ֆուկուսիմա նահանգի Հոնսյու կղզում, որտեղ 4 տարի առաջ «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարն էր գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյում, սակայն դրանք աննշան են եղել:
Երկու երկրաշարժերից ավերածությունների մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել: