ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ, ԲԱՅՑ ՉՄԱՀԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2014 թվականից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան Գարեջուր» ՓԲԸ-ն դատական քաշքշուկի մեջ էր ՀՀ ֆինանսների նախարարության հետ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մոտ 500 միլիոն դրամի չափով տուգանել էր Հակոբ Հակոբյանին պատկանող ընկերությանը, ինչը նա վիճարկում էր դատարանում: Եվ, ահա, շուրջ երկու տարի տեւած դատական պրոցեսից հետո գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարանին, որն էլ կայացրեց վերջնական որոշումը:

Հիշեցնենք, 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Երեւան Գարեջուր» ՓԲԸ-ն, որը արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը, դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Պարզվել էր, որ սեպտեմերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «Երեւան Գարեջուր» ՓԲԸ-ում խախտումներ էր հայտնաբերել: Մասնավորապես, որ ընկերությունը իրացված լիտրով տակառներով գարեջրի քանակը պակաս է ցույց տվել պայմանագրերում նշված պարտադիր պայման հանդիսացող մատակարարվող լիտրով գարեջրի քանակից, կատարվել էր գների նպատակային ձեւակերպում եւ նման այլ խախտումներ: Եվ, ահա, նշված խախտումների համար ՀՀ ֆինանսների նախարարությունը շուրջ 275 միլիոն դրամի չափով տուգանել էր պատգամավորին, որն էլ կիրառված տույժերով եւ տոկոսներով հասել էր շուրջ 500 միլիոն դրամի:
ՀՀԿ-ական պատգամավորն էլ ձեռքերը ծալած չէր նստել եւ ՀՀ ֆինանսների նախարարության այս տուգանքը բողոքարկել էր ՀՀ վարչական դատարանում: ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը երկու ամիս տեւած քննությունից հետո՝ նոյեմբերի 27-ին, որոշում էր կայացրել մասնակի բավարարել պատգամավորի հայցը, ըստ որի՝ պատգամավորին պատկանող ընկերությունը մոտ 15 միլիոն դրամի չափով պետք է տուգանք վճարի ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Վարչական դատարանի այս որոշումից հետո հարձակվողի դերում հայտնվեց ՀՀ ֆինանսների նախարարությունը: 2014թ դեկտեմբերի 26-ին նախարարությունը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով ՀՀ վարչական դատարանի որոշումը: Այս գործով դատավոր Արա Բաբայանը մոտ 4 ամիս քննեց ֆինանսների նախարարության բողոքը եւ 2015 թվականի ապրիլի 8-ին որոշեց մերժել ՀՀ ֆինանսների նախարարության բողոքը եւ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացրած վճիռը թողնել անփոփոխ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը չհանձնվեց եւ 2015 մայիսի 8-ին դիմեց ՀՀ վճռաբեկ դատարան:
Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանը, Վարուժան Աբելյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտակ Բարսեղյանը, Մամիկոն Դրմեյանը, Վարդան Ավանեսյանը, Գոռ Հակոբյանը, Ռուզաննա Հակոբյանը, Սուրեն Անտոնյանը նախ քննարկեցին ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Եվ, ահա, 9 դատավորները 2015 հուլիսի 1-ին որոշում կայացրին մերժել ՀՀ ֆինանսների նախարարության բողոքը քննության առնել` պատճառաբանելով, թե վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետեւության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Ըստ դատավորների՝ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն՝ դատական սխալի առկայությունը եւ գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար: Ուստի որոշում է կայացվել մերժել նախարարության բողոքը:
Ասել է թե՝ ՀՀԿ-ական պատգամավորը երկու տարի տեւած պայքարից հետո կարողացավ հաղթել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորն ասել էր. «Չեմ ցանկանում, որպեսզի որեւէ տնտեսվարողի վրա նման տուգանք կիրառվի, դա հավասար է նրան, որ տվյալ տնտեսվարողը պետք է դադարեցնի իր գործունեությունը: Առաջիկայում վճիռը կկայացվի: Չեմ կարծում, որ փակման վտանգ կա. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Նրա դեպքում, ըստ էության, արդարությունը երկու տարի հիվանդացավ, բայց, ի վերջո, չմահացավ, վերածնվեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴՐԴԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱ՞Ն
«Սվոչ» եւ «Էյֆֆել» հայտնի Ժամացույցների խանութների ցանցի սեփականատեր, ինչպես նաեւ «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի ինքնասպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Պարզվում է՝ ինքնասպան եղած գործարարի աշխատակիցները իրավապահներին հայտնել են, որ նա դեպքի առաջին օրն աշխատանքային հարցերի հետ կապված որոշ ծրագրեր թողել է երկուշաբթի օրվան՝ օգոստոսի 17-ին:
Նկատենք, որ կամաց-կամաց փաստերի տեսքով հաստատվում է «Ժողովուրդ»-ի հրապարակած այն տեղեկությունը, որ ժամացույցների խանութի սեփականատիրոջ նկատմամբ անհարկի քրգործ է հարուցված եղել: Նաեւ մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին քննիչները հարցաքննել են նաեւ «Ստալկեր» ֆիրմայի մյուս բաժնետերերին, որոնք իրավապահներին հայտնել են, որ ընկերության կողմից իբրեւ թույլ տրված չարաշահումների փաստով ՀՀ ֆինանսների նախարարությունում քրեական գործ կա հարուցված, սակայն իրենք դա հիմնավոր չեն համարում եւ այդ հարցը վիճարկում են: Բայց միաժամանակ նրանք նշել են, որ եթե հիմնավորվի չարաշահման փաստը, եւ իրենք չարաշահումների համար տուգանվեն, ապա դա այն խնդիրը չէր, որի համար Գեորգին ինքնասպան լիներ:
Հիշեցնենք, որ Գեորգի Մկրտչյանի դին հայտնաբերել էին օգոստոսի 16-ի առավոտյան՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներով: Նշենք, որ գործարարը նամակ էր գրել. «Մամ ջան, պապ ջան… կներեք ինձ, ես պետք է գնամ, մի՛ մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի: Հարազատներիս եւ ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ: Երեխեք ջան, հավատացեք՝ Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»:

 

ԵՐԵՔ ՔՆՆԻՉԻ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նկատողություն է հայտարարել կոմիտեի երեք քննիչների: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պատճառը եղել է քրեական դատավարության նորմերի խախտումը: Ասել է թե՝ քննիչներն իրենց վարույթներում քննվող գործերով ձգձգել են քննչական կամ դատավարական գործողություններ իրականացնելու գործընթացը, ինչի մասին հայտնի է դարձել ղեկավարությանը, եւ նրանց համար դարձել է ճակատագրական: Նշանակվել է ծառայողական քննություն, ինչին հաջորդել են կարգապահական տույժերը: Տեղեկացնենք, որ նկատողության ենթարկված քննիչները տարբեր քննչական բաժիններից են:

 

ԱՆՀԻՄՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր 2 ամսով երկարացվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը երկարացնելու հիմքեր չկային, քննիչը ոչ մի ապացույց չի ներկայացրել Արա Բուդաղյանի վերաբերյալ:
Փաստաբանի խոսքով՝ ներկայացվել է առերեսման արձանագրություն, որը տեղի էր ունեցել բոլորովին այլ անձանց միջեւ, իսկ իր հարցին, թե ինչ կապ ունի դա իր պաշտպանյալի հետ, ստացել է «կապ չունի» պատասխանը: Հայկ Ալումյանն ասաց նաեւ, որ այս որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարան:
Նշենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Վրաստան: Դատախազության փոխանցմամբ՝ Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Գեւորգ Կոստանյանն ու Գիորգի Բադաշվիլին քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի դատախազությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը, գործառույթների հստակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Տեղեկացնենք, որ Հայաստանի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիից մեկնելու է Աստանա, որտեղ կմասնակցի օգոստոսի 27-ին կայանալիք «ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի» հերթական նիստին:

 

ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ
«Այբ» կրթական հիմնադրամը եւ «Այբ» դպրոցը արձագանքել են «Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) քարտուղարության հայտարարությանը, թե ՀԽ անդամ Գեւորգ Սաֆարյանին հեռացրել են աշխատանքից իր քաղաքական գործունեության համար: «Խոր ափսոսանք ենք հայտնում, որ Սաֆարյանը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, այս անգամ «ինքնահերոսացման ներշնչանք» է դարձրել իր գործատուին: «Այբ»-ը պաշտոնապես փաստում է. նախագահ Սերժ Սարգսյանը երբեւէ չի եղել «Այբ» հիմնադրամի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների կամ որեւէ գործադիր կամ ղեկավար մարմնի կազմում: «Այբ» հիմնադրամը եւ «Այբ» դպրոցը երբեւէ որեւէ մեկին աշխատանքի չեն ընդունել կամ աշխատանքից ազատել՝ ելնելով նրա քաղաքական դիրքորոշումից, ազգային կամ կրոնական պատկանելությունից: «Այբ»-ը հարգում է յուրաքանչյուրի ընտրության իրավունքը եւ որեւէ միջամտություն չի ունենում այդ ընտրության գործում», – ասված է հայտարարությունում:
«Այբ»-ը նշում է, որ Սաֆարյանն աշխատանքի է անցել հունվարի 12-ից, «երբ գործազուրկ էր եւ արդեն իսկ հասցրել էր հանրությանն ի ցույց դնել իր քաղաքական հայացքները»:
«Այս պահին Սաֆարյանը շարունակում է պաշտոնապես մնալ «Այբ» դպրոցի աշխատակից: Ի թիվս այլ աշխատակիցների՝ նրա հետ տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում նրան ներկայացվել է «Այբ» դպրոցում սպասվելիք էական կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը: Այդ փոփոխություններն անմիջականորեն ազդելու են 16 հաստիքի վրա: Ակնհայտ է, որ Սաֆարյանը միտումնավոր կերպով հրահրում է աշխատանքային պայմանագրի աղմկահարույց խզում՝ նպատակ ունենալով հերթական անգամ ուշադրություն գրավել սեփական անձի վրա: Գեւորգ Սաֆարյանի եւ «Այբ» դպրոցի փոխհարաբերությունները կրում են բացառապես աշխատանքային բնույթ, եւ մեզ համար անընդունելի է դրանց տեղափոխումն այլ հարթություն», – ասված է հայտարարությունում:




Լրահոս